Սիրելի ոչինչ

Իմ հիվանդությունն անբուժելիներից է: Այն ծնվեց ամենաանսպասելի պահին, երբ ոչինչ չէր կարող գուժել փոթորկի մոտալուտ լինելը կամ, օրինակ, երկրաշարժը: Միշտ էլ այդպես է լինում: Ես չէի սպասում, և ժպտում էի: Գրկաբաց ընդունում էի այն ամենը, ինչ առաջարկում էր պահը: Իսկ պահը գեղեցիկ էր ու խորհրդանշական: Ինչ-որ բան էր պետք տարին գեղեցիկ ու հույսով լի ավարտելու համար: Այդ ինչ-որ բանն էլ ինքն իրեն հայտնվեց: Ինձ ընդամենը մնում էր պարզել ձեռքերս ու ընդունել: Երբ հարազատդ հիվանդ է լինում, նրան խնամում ես, առանց վայրկյան անգամ մտահոգվելու, որ կարող է ինքդ վարակվես: Ես նույնպես չէի երկմտում. ես ընդունում էի: Առանց վայրկյան անգամ մտածելու, որ կարող եմ անբուժելիորեն հիվանդանալ:
Այդ հիվանդությունն անբուժելիներից ամենաանբուժելին է: Այն գալիս է անսպասելիորեն և մնում մինչև կքայքայվես: Այդ հիվանդությունը սեր չէ կոչվում: Այն կոչվում է պատերազմ սիրո դաշտում: Երբ բախվում ես ինքդ քո ինքնասիրության հետ, թքած ունենում ամեն ինչի վրա ու անգիտակցաբար գնում մինչև վերջնակետ: Իսկ վերջնակետ չկա: Կա անդադար առաջ մղում: Առաջ էլ չկա: Ոչինչ չկա, ոչինչ: Բայց մարդիկ սիրում են, սիրվում, ու ոչինչ: Պայքարում են, հաղթվում, կրկին նետվում մարտի դաշտ ոչնչի համար: Այս ոչնչի համար այնքան կյանքեր են գնացել, այնքան սրտեր են փշրվել ինքնակամ, ժողովուրդներ ու ազգեր են ոչնչացել ոչնչի համար: Սիրելիի հետ լինելու համար: Իսկ սիրելի չկա, սիրելին ոչինչ է: Սիրելին պայքարի նպատակակետն է, որին հասնելիս անցնում են մյուս սիրելիին: Պայքարում են, հասնում ու գնում: Նորից պայքարում ու նորից գնում: Անդադար: Անդադրում: Այս հիվանդությունը երբեք էլ չի բուժվի, որովհետև մարդիկ են այն արհեստականորեն ստեղծում: Ի՞նչ արած, աշխարհիս բանն է այդպիսին: Այն ժամանակ, երբ Եվան` Ադամի սիրելին, համոզեց նրան փորձել ախորժելի խնձորը: Սկսվեց պայքարն ու այդպես էլ չավարտվեց:
Իսկ ես ուզում եմ բուժվել: Ես հոգնել եմ հիվանդ լինելուց, հոգնել եմ սիրտս ու միտքս ոչնչով լցնելուց: Էլ չեմ ուզում զոհել ամենն ու ամեն ինչը մի չնչին ոչնչի համար: Ես ուզում եմ ուժեղ լինել, ուզում եմ զգալ ազատության շունչը, ուզում եմ միայնակ զգալ այն: Ու չեմ ուզում ոչնչի տաքուկ գիրկը, ուժեղ ձեռքերը, սիրելի մատները մազերիս մեջ, շրթունքներն այտերիս վրա: Չեմ ուզում պայքարը ոչնչի համար: Վախը` կորցնելու այդ ոչինչը: Վախը կրկին միայնակ լինելու: Կոտրված, արյունաքամ, հոգնածՊարտվածՀանձնված
Կարծում էի, թե բուժվել եմ, որ ազատ եմ ու ուժեղ, բայց հիվանդությունը ևս մի անգամ այցի եկավ: Ես նրա մոտ այցետոմսս էի թողել, ինչպես երջանկությունը` հայտնի երգում: Այն ամեն անգամ ավելի ուժգին է հարվածում, թեև առաջին անգամ թվում է, թե էլ չես դիմանա: Բայց դիմանում ես ու նետվում մեկ այլ մարտի մեկ այլ դաշտ: Ու միակ երազանքը հերթական պայքարի վերջին լինելն է: Օրինականորեն վերջ է դրվում պայքարներից մեկին: Բայց իհարկե այն վերջինը չի լինում: Սկսում է պայքարն ավելի լուրջ ու ավելի օտար միջավայրում: Ու արդեն ոչ միայն ինքդ քո, այլև ոչնչի ու նրա շրջապատի հետ:
Ինչ էլ լինի, ես սիրում ես այն ոչինչը, որ կազմում է ապրածս ամեն վայրկյանը ամեն շունչը: Ես սիրում եմ ինձ ապրեցնող ոչինչը:


Tags:

Share:

0 մեկնաբանություն