Մարին ու Մարկոն սիրահարված էին

Մարին ու Մարկոն սիրահարված էին: Քսան տարեկանին բնորոշ խենթությամբ վայելում էին իրենց այցելած զգացմունքը, որ չափազանց շատ ներշնչելուց կոչվեց «սեր»: Գուցե այդպես չլիներ, եթե երկուսն էլ դրա կարիքը չունենային: Բայց քանի դեռ Մարին ու Մարկոն սեր էին երազում, նրանց զգացածը հենց սեր էր: Նրանց դուր էր գալիս մատների միջև ստեղծված տարածությունը մյուսի մատներով լցնել, նրանք սիրում էին միմյանց գրկել ու համբուրել սիրելի դարձող մարմնի հատվածները:
Մարկոն սիրում էր Մարիի մազերը, Մարին սիրում էր Մարկոյի ձեռքերը: Մարին ու Մարկոն սիրահարված էին, որովհետև երկուսն էլ սիրո կարիք ունեին: Մարին օրագիր էր պահում, որտեղ գրում էր այն ամենի մասին, ինչ հորինում էին ինքն ու Մարկոն: Երբեմն օրագրի էջերը ուռչում էին արցունքներից, որովհետև Մարին ու Մարկոն որոշում էին վիճել, իսկ դա նրանց մոտ շատ լավ էր ստացվում: Մարկոն օրագիր չէր պահում, բայց սիրում էր ուրախացնել Մարիին: Միասին պարապում էին գրադարաններում, թեև Մարկոն ֆրանսերենից գիտեր միայն je t’aime-ը, իսկ Մարին ֆիզիկայից` E=mc2-ն: Մարկոն Մարիին ամեն օր դասերից հետո տուն էր ճանապարհում և մուտքի մոտ համբուրում նրան, իսկ Մարին աստիճաններով վեր էր սավառնում, որովհետև Մարին ու Մարկոն սիրահարված էին: Մարկոն Մարիին մի մեծ փափուկ արջուկ էր նվիրել, և այդ օրվանից Մարին այդ արջուկի հետ էր պառկում քնելու, թեև արջուկն ամեն առավոտ գետնին էր լինում: Մարին սիրում էր համբուրել Մարկոյի ձեռքերը. դա էլ նրա պատանեկան թուլությունն էր: Ամեն դեպքում Մարին ու Մարկոն երջանիկ էին, քանի որ սիրահարված էին: Երջանկությունն այնպիսի նենգ զգացում է. երբ երջանիկ ես, երբեք չես զգում այն, կարծես հենց այդպես էլ պիտի լինի, բայց երբ այն լքում է քեզ, միանգամից գիտակցում ես, որ դժբախտացար: Մարկոն դժբախտացրեց Մարիին, քանի որ նրան զինծառայության տարան: Մարին խոստացավ սպասել, բայց Մարկոն համառեց, անգամ հատուկ լքեց Մարիին, քանի որ Մարկոն սիրահարված էր Մարիին: Եվ տառապում էր Մարին առանց Մարկոյի ձեռքերի, որ այնքան սիրում էր համբուրել: Նրան թվում էր, թե անկարող է այլևս ապրել, ախր նա սիրում էր Մարկոյին, իսկ նա լքեց իրեն և գնաց ինչ-որ բանակ: Մարկոն նույնպես տառապում էր, ախր նա սիրում էր Մարիին, իսկ իրեն հայրենիքի սահմաններն էին կանչում: Երկու տարվա ընթացքում Մարին ու Մարկոն պատերազմում էին սիրո հեռավոր ճակատներից` անգամ առանց միմյանց դրա մասին զգուշացնելու: Երբ նրանց պատերազմական գործողությունները համընկնում էին, պայթյուններ էին տեղի ունենում զանգերի ու հաղորդագրությունների տեսքով, բայց ինչ էլ լիներ` Մարին դժբախտ էր, քանի որ Մարկոյի ձեռքերը հեռվում էին, իսկ Մարկոն զայրանում էր, քանի որ Մարիին միայն իր ձեռքերն էին հետաքրքրում: Երկու ամիս էր մնում Մարկոյի վերադառնալուն: Մարին լուռ էր: Իսկ երբ Մարկոն հետ եկավ, բամբասկոտ թռչնակները նրան ասացին, որ Մարին ամուսնացել է և մեկնել Պորտուգալիա: Մարկոն մտքում դաժանորեն տիրացավ Մարիին` երդվելով մոռանալ նրա մազերի բույրի մասին: Մարկոն մի քանի շաբաթ շարունակ զայրանում էր, ապա մի քանի ամիս շարունակ ի հեճուկս Մարիի հանդիպում բամբասկոտ թռչնակերից մեկի հետ, ինչի արդյունքում համարյա ապօրինի հայր էր դառնում, ուստի ստիպված եղավ ամուսնանալ: Մի քանի տարի շարունակ Մարկոն ապացուցում էր Մարիին, որ սիրում է իր ընտանիքը, թեև Մարին էլ, Մարկոն էլ գիտեին, որ բամբասկոտ թռչնակները անցյալը չմոռացած Մարկոների հետ լավ ընտանիք չեն կազմում: Իսկ Մարին լռում էր: Ասում էին` նա երջանիկ էր իր ամուսնու հետ, որ զբաղվում էր նոր շինություններ գծագրելով: Մարկոն հաճախ էր մտքում տիրանում Մարիին, թեև ժամանակի հետ նա արդեն միայն սիրով էր զբաղվում նրա հետ:



Մարին ու Մարկոն սիրահարված էին:

Tags:

Share:

0 մեկնաբանություն