Իմ մտքերի անդունդում դու ես, քեզնից ծնվող ու վեր ելնող ամեն միտք քեզ է կանչում, իսկ դու քաշում ես ամեն այլ միտք, ամեն այլ հույզ: Իմ հույսերի անդունդում քեզնից հոգնել են, քեզնից ծնվելով ու սնվելով քեզ մոռանալ են ուզում, դու էլ բավարար չես: Իմ երազների անդունդում քո շուրջ մի փոթորիկ, մի հողմ է պտտվում, պատկերդ կառուցում ու փլվում, քեզ մոտ բերում ու սպանում, ձեռքդ ինձ պարզում ու անհետանում: Անունովդ են հոլովվում բոլոր բառերը, ձայնովդ են որոշվում տատանումները բոլոր, քոնն է, քոնը չէ, քոնն է, քոնը չէ... Բնական դարձած ‹‹չկաս››-ը կապվում է գիտակցված ‹‹չկամ››-ի հետ: Քեզ հետ արյունս մրրկանում է, առանց քեզ եռում, այրվում, այրում անքեզ մաշկս, քայքայում ներսից, հալչում, իմաստազրկվում: Քեզ միշտ երազող էությունս փոքրանում է, ճզմվում, հավասարվում քարոտ գետնին, ինքը դառնում մի քար գետին: Քեզ միշտ ձգտող էությունս, քեզ հետ պայքարում միշտ հաղթվող ճղճիմ սերս գետին է որ կա, մի հող գետին, ամենքի ոտքերի տակ հավասարվող, հղկվող: Քեզ հետ պայքարից հոգնել եմ, պայքարում այս, որ չկան հաղթողներ ու պարտվողներ, ես արդեն ավելորդ եմ: Քեզ եմ հանձնում հոգնած սերս, արա այն, ինչ սիրտդ է ուզում, կուզես` խեղդիր մտքերիս անդունդում, կուզես` թև տուր ու բաց թող, կուզես` պահիր հաղթանակներիդ դարակում, կուզես փոշի դիր վրան ու ասա. ‹‹Հնացա՜վ››...
Փորձիր նայել քեզ իմ աչքերով. կերկրպագես ինքդ քեզ:
Փորձիր կարոտս սեղմել բառերով. բառարանները կպատռվեն:
Փորձիր անուն տալ սրտիս. այն կբղավի, որ անձնագրով արդեն իսկ քեզնոտ է:
Փորձիր դառնալ օր ու գիշեր. կզգաս, թե որքան շատ ես դու նրանցում:
Փորձիր գրկել ինքդ քեզ. այժմ իմ փոխարեն միայն դու կարող ես դա անել:
Փորձիր ատել հեռավորությունը. կիլոմետրերն իմ անունը կհառաչեն:
Փորձիր սպանել ժամանակը. այն քեզ իմ` հաղթվածիս անունը կոռնա:
Փորձիր կանգնեցնել հուսահատ արցունքներս. նրանք քեզ են կրում:
Փորձիր գրկել հեռու մարմինս. այն քո բացական է անիծում:
Փորձիր լրացնել չասված ու չլսված բառերը. նրանք վաղուց հանձնվել են գիշերային մենակությանը:
Փորձիր մոռանալ հարվածոտ ու ցավոտ խոսքերը. ես վաղուց այրել եմ դրանք:
Փորձիր սիրել քեզ այնպես, ինչպես ես. շունչդ կկտրվի:
Փորձիր սիրել ինձ այնպես, որ սիրտս ճաք չտա, ձայնս սահ չտա, շունչս կանգ չտա:
Փորձիր փորձել փրկել օրգանիզմս ինձնից մեծ, ինձնից ուժեղ, ինձ ուժ տվող ու ինձ սպանող այս հիվանդ սիրուց:
Եթե վաղը մահանամ, խոստացեք մոռանալ ինձ այնպես արագ, ինչպես արագ
ճանաչեցիք:
Եթե վաղը մահանամ, հավաքեք ձեր արցունքներն ու կաթեցրեք սառած այտերիս:
Եթե վաղը մահանամ, մեկ րոպե ժպիտով հարգեք հիշատակս:
Եթե վաղը մահանամ, խնայեք մարմինս ու հողին մի հանձնեք:
Եթե վաղը մահանամ, ինձ ծովի մոտ տարեք ու ազատություն տվեք այրվող
աճյունիս:
Եթե վաղը մահանամ, սպանեք կարոտին ու ողջունեք հիշողությանը:
Եթե վաղը մահանամ, թույլ տվեք երջանիկ մահանալ:
Եթե վաղը մահանամ, այրեք գաղտնի մտքերս, այրեք և այն գրիչը, որ
գիտի ամենն իմ մասին:
Եթե վաղը մահանամ, անունս նվիրեք ինձ. այն ոչ ոքի չտաք:
Եթե վաղը մահանամ, թող մահանամ այնպես հեշտ, ինչպես ծնվեցի:
Եթե վաղը մահանամ, թող ծնվելուս նման ցավոտ չլինեմ, թող ոչ-ոքի
ցավ չպատճառելով մահանամ:
Եթե վաղը մահանամ, թող մի երգ ծնվի, մի թույլ մեղեդի, հազիվ լսելի:
Եթե վաղը մահանամ, թող մի մանուկ ծնվի, թող մի նոր մայր ճչա ցավից,
սիրելի ցավից:
Եթե վաղը մահանամ, թող անձրև տեղա, թող մաքրվի ինձնից հետո:
Եթե վաղը մահանամ, թող արև շողա, թող ցույց տա, որ այն միևնույն
է շողալու է:
Եթե վաղը մահանամ, թող հոգեվարքիս մի վրեժ մոռացվի, մի ատելություն
կորչի, մի տխրություն վերանա, մի սեր ծնվի, մի կարոտ առնվի, մի երջանկություն այցելի:
Եթե վաղը մահանամ, թող վերջին երիտասարդ մահը լինեմ:
Եթե վաղը մահանամ, թող մահը ցանկությամբ լինի:
Եթե վաղը մահանամ, թող մահվան ցանկությունը մեռնի:
Եթե վաղը մահանամ, թող չմահանամ կոտրվելուց, հուսահատությունից,
անզորությունից, թախիծից, կորստից:
Եթե վաղը մահանամ, թող մահանամ սիրելով, հուսալով, երազելով, սպասելով,
անգիտակցաբար, անգիտակցաբար…
Թե թռչուն լինեի, կլինեի քեզ ուղեկցող, ճամփադ վերևից հսկող թռչունը:
Թե ծաղիկ լինեի, կլինեի այն ծաղիկը, որ մորդ կնվիրեիր:
Թե արև լինեի, կլինեի միայն քեզ համար շողացող արևը:
Թե լուսին լինեի, միայն լիալուսին կլինեի. դու սիրում ես լուսնի կլորը:
Թե գետ լինեի, կանգ կառնեի այն ժամանակ, երբ անցնեիր ինձ:
Թե ամպ լինեի, միայն արևային անձրև կտեղայի քեզ վրա:
Թե քամի լինեի, մեղմ զեփյուռ կլինեի, քեզ շոյող ջերմ հով կլինեի:
Թե մեղեդի լինեի, միայն քեզ լսելի կլինեի:
Թե նկար լինեի, միայն քո մատների տակ կստեղծվեի:
Թե մանուկ լինեի, քեզ հայր կկոչեի:
Թե ծեր կին լինեի, ինձ որդի կլինեիր:
Թե երջանկություն լինեի, քոնը կլինեի:
Թե թախիծ լինեի, կսպանեի ինձ, որ չտեսնես ինձ:
Թե կարոտ լինեի, կկարոտեի ինքս ինձ:
Թե երազանք լինեի, կթռչեի դեպի քեզ, կլինեի մոտ քեզ:
Թե սեր լինեի… Թե սեր լինեի, կերազեի մահկանացու լինել` քեզ զգալու համար...
Ես ծովի գույնն եմ: Ծովի ձայնն եմ ես: Ես, որ կյանքում ծով չեմ տեսել, ծովի գույնն եմ առել, ծովի համն եմ ես: Ծովից չեմ վախենում, դեպի ծովն եմ ձգտում, որովհետև ես ծովի գույնն եմ:
Իմ սերն արևոտ կաթի գույնն է: Արևի պես արևային, կաթի պես մաքուր, այնքան մաքուր, որ մի սև փոշին անգամ երևում է կաթնային մակերեսին: Իմ սիրո գույնը կաթոտ արև է, ջերմ ու անաղարտ: