Ես սիրում եմ այն աշխարհը, որտեղ հայտնվում եմ ամեն անգամ, երբ փակում եմ աչքերս: Այնտեղ միայն ես մուտք ունեմ, որովհետև այն ես եմ ստեղծել, ես եմ տեսել, ես եմ զգացել: Երբեմն փորձել եմ այնտեղ ուրիշներին էլ հրավիրել: Բացել եմ դռներն ու ասել. «Այստեղ են երազանքներս, հույսերս, ուժերս, ժպիտներս»: Իսկ ուրիշները ոչինչ չեն տեսել ու տրորել են իմ աշխարհի մուտքը: Ես սովոր եմ այսպես կոտրվել, որովհետև նրանք «ուրիշ» են, նրանք տեղ չունեն իմ աշխարհում, նրանք չեն կարող տեսնել ու զգալ այն, ինչ ես եմ զգում: Որովհետև նրանք չունեն այն, ինչ ես ունեմ. նրանք սեր չունեն: Կոտրվելիս ավելի եմ ուժեղանում, որովհետև տեսնում եմ, որ հարուստ եմ. ունեմ այն, ինչ քչերն են զգում: Ես երջանիկներից եմ, որովհետև որովհետևները շատ են: Իսկ այն, ինչ ինձ չի սպանում, ինձ ուժեղացնում է: Սերս որպես վահան պահած դիմակայում եմ անսերին, անսիրվածին: Իմ աշխարհում ես երազում եմ: Բավական է աչքերս փակեմ, հայտնվում եմ իմ սեփական դրախտում: Իմ աշխարհում ոչինչ չեմ տեսնում: Իմ աշխարհում զգում եմ: Իմ աշխարհում զգում եմ սեր...
Երազումս քեզ տեսա: Իբրև եկել էի քեզ մոտ, այդտեղ` հեռու: Երազումս աչքերս բացեցի ու քեզ տեսա: Այնքան մոտ էիր, այնքան իրական: Ցանկացա և ավելի մոտեցա քեզ: Մատներով դիպա այտիդ ու հասկացա, որ երազումս ամեն ինչ իրական է: Իրական ես դու երազումս, շոշափելի: Այնքան շոշափելի երազ էր, այնքան շոշափելի դու էիր: Ցանկացա և գրկեցի քեզ: Ես` ինչպես միշտ քեզնից փոքր, դու` ինչպես միշտ ինձնից տաք:
Երազումս չէիր խոսում. չէի խոսում և ես: Եվ ընդհանրապես շատ տարօրինակ երազ էր... Երևի երազանք էր, քան երազ: Երևի... Ո՞վ գիտե...
Երազումս քեզնից բացի ոչինչ չէի տեսնում, բայց ամեն կողմից ինչ-որ ճնշում էի զգում: Ինչ-որ բան անընդհատ ցանկանում էր ինձ կոտրել, քեզնից հեռու վանել, իսկ ես ամուր սեղմվել էի քեզ, ու ինչքան էլ այդ ուժը փորձում էր ինձ քեզնից հեռու տանել, ես ավելի ամուր էի քեզնից բռնվում: Ընդհանրապես շատ տարօրինակ երազ էր: Հաստատ երազանք չէր: Հաստատ... Ո՞վ գիտե...
Երազումս քեզ տեսա: Իբրև կողքիս էիր, պաշտպանում էիր անպաշտպան անմեղությունս: Երազումս կրկին լիարժեք էի և ոչ անթև, անլույս, անխորըշունչ ընկած մի մեկը... Երազումս այնպես էր, ինչպես հազվադեպ...
Կարծում եմ` այժմ սիրում եմ միայն ձայնդ: Հիմա միայն դա ունեմ: Երբ մոտենում է ձայնդ լսելու ժամը, սիրտս սկսում է անհանգիստ աշխատել: Երբ ինձնից երկու սանտիմետր հեռու դրված հեռախոսիս էկրանը լուսավորվում է նկարովդ, սիրտս արդեն անտանելի զարկում է` կարծես ցանկանալով ազատվել իրեն կաշկանդող ոսկրե վանդակից: Երբ լսում եմ ձայնդ… Այն չեմ էլ լսում, վայելում եմ: Եվ շունչս սկսում է կտրվել:
Կարծում եմ` այժմ սիրում եմ միայն ձայնդ: Իսկ երբ հիշում եմ քեզ, ձայնդ է գալիս մտքիս: Մի՞թե մոռացել եմ քեզ: Մոռացել, թե ինչպիսին ես ու միայն ձայնդ եմ սիրում: Այժմ ձայնիցդ բացի ոչինչ չունեմ: Ու ստիպված գրկում եմ ձայնդ ու դնում սրտիս, որ խաղաղվի ու արագ աշխատելուց կանգ չառնի: Մատներս այնքան մենակ են. ախր նրանք սովոր են դիպչել քեզ, սակայն ինչպե՞ս դիպչեմ ձայնիդ: Իսկ աչքերս… Ինչպե՞ս տեսնեմ ձայնդ: Իսկ շրթունքներս… Ձայնդ համբուրում է ժպիտս, բայց շրթունքներս անհամբյուր են…
Կարծում եմ` այժմ սիրում եմ միայն ձայնդ: Սառը ու ցավեցնող միայնությամբ լցված տարածության մեջ կա միայն ձայնիդ հիշողությունը: Հասկանում ե՞ս` անգամ ձայնդ ինձ հետ չէ: Այն քոնն է, իսկ ես ունեմ միայն դրա պատճենը ուղեղումս, որ շարունակ արձագանքում է այնտեղ ու տաք մշուշով պարուրում մտքերս:
Կարծում եմ` այժմ սիրում եմ միայն ձայնդ…
Եթե ինձ առաջարկեն ընտրել անհնարին մի բան, ապա ես կընտրեմ թևերը: Կուզեմ թռչուն դառնալ ու ամեն օր թռչել-անցնել հարյուրավոր կիլոմետրերը, մոտենալ քեզ ու պատուհանին նստած հետևել, թե ինչպես ես քնում: Կհսկեմ քունդ, որպեսզի ոչինչ չխանգարի զինվորիս հանգիստը: Նա շատ է հոգնում և միայն գիշերվա մի քանի ժամն է, որ հասցնում է աչքերը փակել ու մի-փոքր քնել: Ես քեզ չեմ արթնացնի, այլ միայն լուռ կնայեմ քեզ ու կարոտս կառնեմ աչքերովս: Երբեմն կարթնանաս ու անհանգիստ կնայես պատուհանին (երևի սրտիս անհավասար աշխատանքը կմատնի ինձ), բայց մի թռչունից բացի ոչինչ չես տեսնի, թեև այդ պահին կմտածես իմ մասին ու նորից կքնես: Ես կնստեմ պատուհանին մինչ լույս, մինչև դեռ արևը չծագած արթնանաս: Այդ ժամանակ ես կվերադառնամ այնտեղ, որտեղ պետք է լինեմ, քնկոտ, բայց հանգիստ կպառկեմ անկողնուս մեջ ու կփակեմ աչքերս: Կքնեմ ու հետո չեմ հիշի երազներս, ինչպես դու չես հիշի, որ գիշերը պատուհանին նստած մի թռչուն ես տեսել ու իմ մասին մտածել: Իսկ ինձ հետ խոսելուց կկաշտամբես, երբ «Ինչպե՞ս քնեցիր գիշերը» հարցիդ կպատասխանեմ «Չեմ քնել, քունս չէր տանում»: Իսկ ես կհսկեմ քո քունը, որպեսզի զինվորիս հանգիստը ոչինչ ու ոչ ոք չխանգարի...
Ես սիրում եմ աստվածային դարձած քեզ: Սիրում եմ, թե ինչպես եմ իմ ձեռքերով ու աչքերով քեզ աստվածացրել ու կատարյալ դարձրել: Ես սիրում եմ, թե ինչպես վեհ ու բարձր ես ինձ հետ: Գիտեմ, որ կատարյալ չես: Կատարյալ չեմ և ես: Սակայն ո՞վ է կատարյալ: Աստվա՞ծ: Աստվածս դու ես… Գիտեմ, որ կատարյալ չես, սակայն ինչպե՞ս բացատրեմ, թե ինչպես եմ սիրում քեզ: Երբ ձեռքս դնում եմ ձեռքիդ ու զգում սրտիդ աշխատանքը: Երբ աչքերս բարձրացնում եմ ու նայում աչքերիդ: Երբ մատներով շոյում եմ մազերդ ու ամուր սեղմում քեզ ինձ: Երբ այտս դիպչում է այտիդ, ու սիրտս կանգ է առնում: Քո քեզը չեմ մոռանա երբեք, թեկուզ մահանամ: Թեկուզ երբեք չհասնենք իրար, դու կմնաս իմ սիրո Աստվածը, իմ ուսուցիչը, որ կատարելագործվեց իմ եսով: Սիրում եմ ամեն բայով ու դերբայով միակ ու սիրելի դերանուն դու-ն: Սիրում եմ ինձ, երբ սիրում եմ քեզ, բայց միևնույն է` չկա այլ դերանուն, իսկ ածականները գալիս են լրացնելու դու-ն ու քեզ-ը: Գոյականներն անհետանում են միակ ու սիրելի դերանուն դու-ի հայտնվելուն պես: Իսկ բացականչականները բացականչում են, որ ես-ը սիրում է դու-ին, սիրում է ամեն կերպ, մինչև վերջին շունչը: Կասես, թե որքան երեխա եմ ես, բայց ապրում եմ քեզնով ու չեմ ափսոսում ոչ մի վայրկյանիս համար, որովհետև այն լի է քեզնով, իսկ ես սիրում եմ քեզ: Սերս անհագ է ինչպես ժամանակը, որ բաժանում է մեզ իրարից ու ստիպում հաշվել ժամերն ու ամեն օր ուրախությամբ հանել 24 ու կրկին հաշվել ու հաշվել: Ինձ պես քեզ երբեք ոչ-ոք չի սիրի…
Հարսանիքիս
օրը
կյանքիս
ամենաերջանիկ
օրերից
երկրորդն
է
լինելու:
Առաջինն
արդեն
ապրել
եմ,
երբ
հասկացել
եմ,
որ
սիրում
եմ
ու
սիրված
եմ:
Երրորդ
օրը
առաջնեկիս
ծննդյան
օրն
է
լինելու:
Հարսանիքիս
օրը
ամենաերջանիկն
եմ
լինելու…
Փոքր ժամանակ չէի երազում ամուսնանալու մասին, չէի պատկերացնում, թե ինչպես եմ հանդիպելու երազանքներիս ասպետին, ամուսնանալու ու երջանիկ լինելու: Փոքր ժամանակ սիրո մասին չէի մտածում: Չէի մտածում այնքան ժամանակ, մինչև չհանդիպեցի նրան, ասպետիս` թեկուզ առանց երազելու:
Հարսանիքս լինելու է տարվա ամենագեղեցիկ օրը: Երևի գարուն կլինի. սիրում եմ մայիսը: Միշտ էլ սիրել եմ: Այդ օրն արթնանալու եմ շատ վաղ. արևը կարթնացնի ինձ ու կասի. «Արթնացի՛ր, փոքրի՛կ, այսօր երջանիկ լինելու քո օրն է»: Կբացեմ աչքերս ու կժպտամ: Հարսանիքիս օրը շատ եմ ժպտալու: Նաև կարտասվեմ: Մի փոքր կմնամ անկողնուս մեջ ու կմտածեմ: Կմտածեմ, որ այդ օրը կյանքս փոխվելու է. մեծանալու եմ: Հետո մայրիկս կգա ու կօգնի պատրաստվել կյանքիս ամենակարևոր օրվան: Հարսանեկան զգեստս գեղեցիկ դրված կլինի աթոռին ու կսպասի ինձ: Այն կլինի եթերային, նուրբ, մաքուր կաթնագույն, մանր նախշերով ու մարգարիտներով: Սիրում եմ մարգարիտներ:
Իսկ
հարսանեկան
կոշիկներս
կլինեն
փոքրիկ,
ինչպես
ոտքերս:
Նրանք
նույնպես
կլինեն
կաթնագույն,
բարձրակրունկ,
բայց
նուրբ
ու
քնքուշ:
Երբ
արդեն
հագնեմ
զգեստս
ու
կոշիկներս
ու
նստած
լինեմ
զարդասեղանի
մոտ,
նա
հաղորդագրություն
կգրի.
«Ինչպե՞ս
է
ապագա
կինս»:
Իսկ
ես
կժպտամ
ու
կգրեմ.
«Երջանիկ»:
Շուտով շտապելիս կլինեմ վարսահարդարի ու դիմահարդարի մոտ: Ողջ սրահի ուշադրությունն ինձ վրա սևեռված կլինի. բոլորն ինձ կշնորհավորեն ու երջանկություն կմաղթեն: Իսկ ես շնորհակալություն կհայտնեմ ու ծիծաղելով գլուխս ցած կիջեցնեմ: Դիմահարդարին կխնդրեմ բնական ու նուրբ դիմահարդարում անել, որովհետև նա չի սիրում, երբ շատ եմ շպարվում: Սրահից կշտապեմ տուն` սպասելու նրան: Իսկ նա չի ուշանա…
Երբ լսեմ մեքենայի ձայն, վազելով կմոտենամ պատուհանին ու դուրս կնայեմ: Նա կգա սև փոքրիկ մեքենայով: Դուրս կգա, կհենվի մեքենային ու ազդանշան կտա: Երբ ես դուրս նայեմ, նա աչքով կանի, ու ես կսավառնեմ նրա մոտ: Նա ինձ կգրկի ու կհամբուրի: Կուղեկցի մեքենայի մոտ: Ես կնստեմ: Մեքենան կվարի նա ու մեզ կտանի եկեղեցի: Փողոցում արդեն մարդիկ կլինեն: Հարսանիքիս օրն ամեն ինչին այլ կերպ կնայեմ. կհիշեմ ամեն փողոց ու շենք, որի կողքով անցել ենք միասին: Նա մերթընդմերթ կնայի ինձ ու կժպտա: Ու կասի, որ ամենասիրունիկ հարսն եմ, իր փոքրիկ հարսը:
Կհասնենք եկեղեցի, որտեղ արդեն կլինեն հարազատներն ու ընկերները: Նրանք կողջունեն մեզ, կգրկեն ու անկեղծ ուրախ կլինեն: Նրա հայրը կուղեկցի ինձ խորանի մոտ, իսկ սիրտս արագ-արագ կբաբախի, ծնկներս էլ կդողան: Երբ մոտենամ նրան, աչքերս կբարձրացնեմ ու կտեսնեմ նրա հարազատ ու սիրելի դեմքը, հանգիստ ժպիտն ու կմոռանամ ամեն հուզմունք: Աստծո տանը կերդվենք հավերժ սիրել իրար մինչև մահը չբաժանի մեզ: Քահանան մեզ այր ու կին կհայտարարի, իսկ մատիս կլինի ամուսնական մատանիս, որ երբեք չեմ հանի: Մենք դուրս կգանք եկեղեցուց ծափերի ներքո ու զույգ աղավնի բաց կթողնենք: Այդ ժամանակ ես կծիծաղեմ ու իմ ծիծաղով կվարակեմ նաև նրան:
Հարսանիքիս օրը կլինի շատ գեղեցիկ: Կլինի մի փոքրիկ կանաչապատ տարածք գեղեցիկ ծառերով: Կլինեն կաթնագույն սեղաններ, կաթնագույն աթոռներ: Կլինի փոքրիկ բեմ. երաժիշտները կնվագեն գեղեցիկ ու նուրբ երաժշտություն: Սպիտակազգեստ սպասավորները կմատուցեն շամպայն ու համեղ խորտիկներ: Հարազատներն ու հյուրերը գեղեցիկ կենացներ կխմեն ու կպարեն: Հետո կգա մեր պարի ժամանակը: Հարսն ու փեսան կպարեն ամենագեղեցիկ պարը, որի ընթացքում նրանք կխոսեն միասին անցկացրած ու դեռ գալիք տարիների մասին: Գլուխս կդնեմ նրա ուսին ու կշշնջամ. «Սիրում եմ քեզ», իսկ նա կհամբուրի վարսերս ու կասի. «Ես եմ քեզ սիրում»:
Երբ հյուրերը տարված լինեն երեկոյով, նա կբռնի ձեռքս ու դուրս կտանի: Կնստեցնի մեքենան ու կտանի հեռու-հեռու: Շատ հեռու… Այնտեղ, որտեղ կլինենք միայն ես և նա ու մեր սերը…
Հարսանիքիս օրը ամենաերջանիկն եմ լինելու: Հարսանիքիս օրը գեղեցիկ է լինելու…