Ճամպրուկելով կարոտներս եկա, որ ասեմ

Թվում է` մոռացել եմ, թե ինչպիսին ես, սակայն չեմ մոռացել, թե ինչպիսին եմ, երբ կողքիդ եմ: Թվում է` մոռացել եմ, թե ինչպես ես գրկում ինձ, սակայն չեմ մոռացել այն երջանկությունը, երբ ամուր-ամուր գրկում եմ քեզ: Թվում է` մոռացել եմ մեր վեճերի ուժգնությունը, սակայն չեմ մոռացել բարիշելու քաղցրությունը: Ինձ հիմա շատ բան է թվում, սակայն մոռացել եմ, թե որքան ավելի շատ բան էր թվում նախկինում: Այնքան միամիտ էի, որ կարծում էի, թե կարող եմ ստիպել ինքս ինձ մոռանալ մեր սիրո մասին, թե կարող եմ ազատվել «սեր» կոչվող կախվածությունից ու... նոր կյանք սկսել: Հետո մի օր արթնացա ու հասկացա, որ չեմ ուզում նոր կյանք, եթե դու կողքիս չես լինելու: Նոր կյանք... Ես նախկին կյանքս էի ուզում, որտեղ դու էիր, ես էի, իրական ես, մենք ու մեր երազներն էինք, մեր երազանքները, անկեղծ ու մաքուր նպատակներն ու անվերջ խոսակցությունները: Մի օր արթնացա ու զգացի, որ մահու չափ կարոտել եմ ձայնդ: Հասկացա, որ առանց քեզ չեմ կարող, կրկին անգամ համոզվեցի, որ համոզվելու կարիք էլ չկա: Ինքս ինձ խաբել այդպես էլ չկարողացա, քեզ մոռանալ այդպես էլ չստացվեց: Առաջին սերը չի մոռացվում, եթե վերջակետ չես կարողանում դնել: Առաջին սիրո վրա վերջակետ չի դրվում, այն պարզապես առնում են ամուր փակագծերի մեջ: Մի օր արթնացա ու հասկացա, որ հերիք է խուլ ու համր ձևանամ. ես քեզ մոտ եմ ուզում: Եվ ճամպրուկելով ողջ քաջությունս ու կարոտներս` քեզ մոտ վերադարձա. եկա, որ ասեմ, որ խենթի նման սիրում եմ ինձ, երբ կողքիդ եմ, որ առանց քեզ կուրանում եմ, սիրտս ճզմվում է, ծերանում, առանց քեզ ապրել չգիտեմ:

Tags:

Share:

3 մեկնաբանություն

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete