Արի գնանք այնտեղ, որտեղ...

Արի գնանք հեռու-հեռու, այնտեղ, որտեղ ամպերն ու գետերը հանդիպում են ու միաձուլվելով ծիածանի մեղեդի նվագում, այնտեղ, որտեղ արևը պար է բռնում լեռների գագաթների հետ, որտեղ անձրևը գալուց առաջ թույլտվություն է հարցնում: Արի գնանք այնքան հեռու, որ մարդիկ միավորներ չունենան հաշվելու հեռավորությունը: Արի գնանք այնտեղ, որտեղ «մարդիկ» բառը հորինված չլինի: Ստեղծենք մի փոքրիկ-անկեղծ աշխարհ` հեռու ամեն ինչից: Մի փոքրիկ տուն կունենանք ու ինքնուրույն կստեղծենք մեզ անհրաժեշտ ամեն ինչ: Մենք քիչ բանի կարիք կունենանք: Ե՞ս: Ես միայն քո կարիքն ունեմ, հասկանու՞մ ես: Դու՞: Չգիտեմ: Կարծում եմ` կկարողանամ օգնել քեզ: Եթե պետք է` վերցրու սերս, սիրտս, հոգիս, աչքերս, ձեռքերս, զգացումներս ու զգացմունքներս: Դրանք քոնն են: Վերցրու, թե դա կօգնի քեզ երջանիկ լինել: Ես ստեղծվել եմ, որպեսզի դու երջանիկ լինես, և քո երջանկության համար չեմ խնայի անգամ քեզ: Հասկանու՞մ ես: Դժվար է դիմանալ այսքան մեծ սիրուն: Երբեմն այնքան եմ խենթանում, որ թվում է` հորինել եմ քեզ: Դու ծնվել ես երազներում, հեքիաթներումս, ես քեզ այնպիսին եմ դարձրել, ինչպես կերազեի: Հետո լսում եմ ձայնդ, հասկանում, որ իրական ես ու խենթանում: Դու այսպես լավը չես կարող իրական լինել. մի բան այն չէ: Խաբկա՞նք ես: Խնդրում եմ` խոստովանիր, որտե՞ղ է սևը, ցավոտը: Իրակա՞ն ես: Արժանի՞ եմ: Չգիտեմ...

Tags:

Share:

2 մեկնաբանություն