Հենց քեզ

Թվում է, թե մի ամբողջ կյանք է` չեմ տեսել քեզ: Ես չեմ կարող նկարագրել, թե որքան եմ կարոտել քեզ. բառերս մահանում են կարոտի ծանրությունից: Խնդրում եմ` շուտ վերադարձիր, այլապես ես կխելագարվեմ: Ես զգում եմ, թե ինչպես եմ մահանում առանց քեզ, ինչպես եմ մոլորվում ու պտտվում, պտտվում սխալներիս հորձանուտում: Ես խենթի պես կարոտում եմ քեզ ու մատներս եմ կրծում. միևնույն է` դրանք մոռացել են քեզ, դրանք պետք չեն ինձ: Այլևս չեմ պատկերացնում, թե ինչպես է քեզ կողքիս ունենալը: Թվում է, թե երբեք էլ կողքիս չես եղել: Այո, ես թուլամորթ եմ և անողնաշարապես կարոտում եմ քեզ ու խենթանում այն մտքից, որ մոտ է հանդիպման ժամը: Ես կորցրել եմ ինձ: Իսկապես կորցրել եմ: Ու ցանկանում եմ գտնել ինձ միայն քո կողքին: Փակեմ աչքերս, հաշվեմ` մեկ, երկու, երեք, չորս, բացեմ աչքերս ու հայտնվեմ քո գրկում: Միայն քո գրկում եմ ես լիարժեք, ես երջանկություն եմ ուզում, հասկանու՞մ ես, բայց միայն քո կողքին եմ երջանիկ: Իսկ դու հեռու ես: Ատում եմ այն կիլոմետրերը, այն ժամերն ու րոպեները, որ բաժանեցին մեզ իրարից: Երկու տարի: Գրողի տարած երկու տարի: Ես ատում եմ քո բացակայությունը, ես ատում եմ այն, որ ստիպված էի երկու տարի առանց քեզ մեծանալ. ես չմեծացա, ես քարշ տվեցի երկու տարվա գոյությունս. ինչ-որ պահի ես պարզապես կործանվեցի, ինքնակամ, պատրաստակամ, զզվելիորեն հաստատակամ: Եթե դու կողքիս լինեիր, ես ավելի լավը կլինեի, ես լավը կլինեի: Իսկ հիմա... Ես պարզապես սփոփում եմ ինձ այն մտքով, որ սիրում ես ինձ և թույլ ես տալիս սիրել քեզ: Դա ինձ համար մեծ պարգև է. երևի թե պետք է ծնկաչոք շնորհակալություն հայտնել Աստծուն նման շնորհի համար. ես սիրում եմ, թող խենթորեն, անհասկանալիորեն, դավադրաբար ու նենգաբար, բայց սիրում եմ: Սիրում եմ հենց քեզ, ՀԵՆՑ ՔԵԶ: Ներիր, բայց ես չհաղթահարեցի տասնյոթ հազար ժամվա փորձությունը, կատարելապես չանցա այն, ես իմ սև բծերով ներկեցի այն ու հուսահատեցրի քեզ: Ներիր, բայց ես քեզ այնքան շատ եմ սիրում, այնքան-այնքան շատ, որ զարհուրում եմ ինքս ինձնից: Ներիր, բայց ես այսպես եմ սիրում, երբ կողքիս չես: Ներիր, բայց ես հենց քեզ եմ սիրում:

Tags:

Share:

2 մեկնաբանություն

  1. AnonymousMay 14, 2012

    Խենթ պոռթկում էր....շատ լավն էր...հետաքրքիր ու յուրահատուկ են նայում էմոցիաները կողքից ու սկսում ես զգալ մաշկիդ վրա....

    ReplyDelete
  2. AnonymousMay 18, 2012

    Mari dzez anpayman petq e tekuz ev poqr qanakutyamb poqr cavalov bayc anpat&ar girq hratarakel. Hamuzvac em duq mec hexinakutyun dzerq kbereq eritasardutyan mej

    ReplyDelete