Եթե դու չլինեիր...
Եթե դու չլինեիր, ի՞նչ կանեի ես, ինչպե՞ս կբացատրեի ինքս ինձ, որ ապրել նշանակում է սիրել, որ շնչել նշանակում է սպասել, որ հավատալ նշանակում է համբերել:
Եթե դու չլինեիր, որտե՞ղ էի պահելու երազներս, ու՞մ էի պատմելու հիմար մտքերս, ե՞րբ էի հասկանալու, որ մտքերս միշտ չէ, որ հիմար են:
Եթե դու չլինեիր, ինչու՞ պիտի արթնանայի ու քնեի, երբ արևներն ու լուսինները տանջվում են միմյանց ձգտող երկինքներում, իսկ ես` աննկատ, չնչին, պիտի հուսայի, թե օրն ու գիշերը ինձ համար են ծնվում:
Եթե դու չլինեիր, իմ արևներն ու լուսինները այդպես էլ չէին հասկանա, որ արթնանում են երկուսիս համար:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի սիրի, այո, չէի սիրի այնպես, ինչպես սիրում են իրական կյանքում:
Եթե դու չլինեիր, ես չէի հասկանա, թե ինչ անել այսքան սերը, որ եռում էր երակներումս, բայց բացակա ափերից ցնդում էր ու ներսից այրում անզգացմունք մաշկս:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ կքնեի բարձս գրկած ու չէի իմանա, թե ինչ բան է քնել և արթնանալ տղամարդուդ գրկում:
Եթե դու չլինեիր, մարմինս այդպես էլ կմնար մշտապես մրսող ու դողացող, մաշկս չէր ճանաչի ամեն դիպումից փշաքաղումը, աչքերս չէին իմանա համբույրի ծանրությունից փակումը:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի իմանա, թե ինչու են ստեղծվում այդքան զգեստներ ու դիմահարդարման պարագաներ. դրանք ստեղծվում են քո կողքին միշտ գեղեցիկ մնալու համար:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի հասկանա, որ գեղեցիկ լինելու համար պարտադիր չի դիմահարդարված լինել:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի կրի քո վերնաշապիկներն ու չէի արբի բույրից քո մարմնի:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ առավոտյան չէի քրքրի համացանցը` քեզ համար համեղ նախաճաշ պատրաստելու համար:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի իմանա, թե որքան եմ սիրում նրբերշիկով ձվածեղ:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի երդվի` հնազանդ եմ:
Եթե դու չլինեիր, ես չէի բարձրաձայնի գաղտնիքներս, որ քերում էին հոգիս:
Եթե դու չլինեիր, ես չէի իմանա, որ միլլիոն տարին քիչ է, քիչ, քո կողքին լինելու համար:
Եթե դու չլինեիր, ես չէի պլանավորի պատերազմի գնալ տիեզերքի դեմ` պահանջելու մեզ մի առանձին մոլորակ տալ:
Եթե դու չլինեիր, ես չէի հասկանա, որ սիրում եմ քեզ ամեն գիտական սահմանումներից դուրս:
Եթե դու չլինեիր… Դու պարզապես իրավունք չունեիր չլինել...
Tags:
N3
0 մեկնաբանություն