Մենք էլ չկանք

Կարոտել եմ քեզ, բայց այն քեզ, որ իմն էր, ու որ քոնն էի, ու երբ կայինք մենք, մեր սերն ու մեր հույսերը: Ես խենթանում էի քեզ համար, խենթանում էի այն ձմռան համար, որ մերն էր: Քո պատճառով մրսում էի, սարսռում, իսկ դու գրկում էիր, ձեռքերդ սահեցնում բաճկոնիս տակ. սառնությունդ սկզբում սպանում էր, ապա տաքացնում, այրում: Կարոտել եմ այն աննորմալությունը, որ կար: Հիմա մեծացել ենք, մեր սերն է մեծացել: Կամ էլ սեր չկա: Բայց ես սիրում եմ քեզ, որովհետև հեռու, թե մոտ, դավաճան, թե հավատարիմ, տխուր, թե ավելի տխուր, ես հիշում եմ քեզ ու քո հետ կապված ամեն ինչ: Առաջիններին չեն մոռանում, ինչ էլ լինի: Առաջիններն անհամեմատելի են, որքան էլ աննորմալ ու նորմալ լինեն: Չէ, մենք այնքան նորմալ էինք, ես այնքան էի թռչում կողքիդ, այնքան էի ուզում մեծանալ ու տեսնել մեր երեխաներին: Բայց ինչ-որ բան, ինչ-որ աննորմալ բան ինձ քեզնից հեռու տարավ, ինձ սպանեց քեզնից, իսկ ես կարոտում էի քեզ, իսկ ես կարոտում եմ քեզ, իսկ ես գիտեմ, որ վերջ… Ես հետ եմ եկել, բայց… Մենք էլ չկանք:

Tags:

Share:

0 մեկնաբանություն