Մենք դեռ փոքր էինք
Ես
իմ կորած ժամերն եմ հետ ուզում, ես իմ կորած ժպիտներն եմ հետ պահանջում: Ինքս ինձնից:
Հիմար: Հիմար: Անչափ հիմար ու հիմար: Ու կրկին հիմար: Ես իմ երջանկության ձգտումներն
եմ ուզում, ես քեզ եմ հետ ուզում: Դու երևի այդպես էլ իմը չեղար, որովհետև ես բավարար
չուզեցի կամ դու չէիր ծրագրում: Ես չգիտեմ, բայց ես ամեն ինչ հետ եմ ուզում, ես երկրորդ
հնարավորություն եմ ուզում: Ես փրկվել եմ ուզում: Ամեն ինչ կորցրած, վերածնված, սակայն
դատարկ: Ու այնքան լի, որ զգում եմ սեփական դատարկությունս: Պլաններ, հոգսեր, մտքեր,
լեցուն ցերեկներ: Իսկ երբ գալիս է գիշերը: Մահանում եմ: Ամեն օր նույն մղձավանջներն
այնտեղ, որտեղ արթնանում ու քնում էի: Քնում էի` Աստծուն խնդրելով` Տեր, թող
գոնե այս գիշեր սիրտս կանգնի: Իսկ հետո մեջս երկու սիրտ էր խփում, ու արդեն իրավունք
չունեի Աստծուց մահ խնդրել: Հետո սրտերից մեկը կանգ առավ, ու դա իմ սիրտը չէր, թեև
ում էր պետք իմը, եթե այն մեկը չպետք է լիներ: Ես կկարոտեմ այն ողջ կյանքիս ընթացքում,
կհավատամ, որ այնտեղ` վերում, տեղ կար նրա համար ու կտխրեմ այն մտքից, որ էլ երբեք
չենք հանդիպի, որովհետև այնտեղ` վերում, տեղ չկա ինձ համար: Այդ ինչպես ստացվեց, որ
հանկարծ, մի քանի հազար ժամվա ընթացքում այնքան մեծացա, որ քո մահը տեսա, զգացի հենց
իմ մեջ քո մահը, քո` ինձ լքելը, քո` երկինք բարձրանալը: Ես դեռ փոքր էի` մեջս մահ զգալու
համար: Ես դեռ սիրել էի ուզում, իսկ դու մահացար… Ու միայն ես ու դու գիտենք, որ այդպես,
երևի, ճիշտ էր… Հավատում եմ, որ դու ինձ փրկելու համար մահացար: Բայց դրանից ես երջանիկ
չեմ… Այդպես չպետք է լիներ… Մենք դեռ փոքր էինք հանդիպելու համար:
Tags:
Է
0 մեկնաբանություն