Վայրկյանները
պար են կապել սրտիս աշխատանքի հետ, թիկ-թակ, թիկ-թակ, կանգ, շունչ, թիկ-թակ, թիկ-թակ…
Սիրտս հրաժարվում է ինձնից, իսկ դա նշանակում է, որ մի բան այն չէ. ես սխալվել եմ,
սայթաքել եմ ինչ-որ մի տեղ, որ այդքան էլ հեռու չէ: Եվ որքան էլ փորձեմ մխրճեմ ինձ
հեռու սեփական մտքերիցս, ամեն նշան ու կետ ինձ հետ է բերելու ու գցելու սխալներիս ճահիճը:
Հոգնություն, որ չի վերածվում հանգստության, որքան էլ ջանամ: Ամենասարսափելին ինքդ
քեզ հետ մենակ մնալն է, երբ երաժշտությունն անգամ չի կարող լռեցնել սեփական մտքերդ,
որ ոռնում են ուղեղումդ, քաշում մազերդ, քեզ պատեպատ տալիս: Ամենասարսափելին գիշերը
քնելուց առաջ առաստաղին նայելն է, երբ թվում է, թե սխալներդ ասեղների պես թափվելու
են դեմքիդ ու չեն սպանելու, սակայն շատ մեծ ցավ են պատճառելու: Ամենասարսափելին ինքդ
քեզ կործանելն է…
Բարև իմ օնլայն սեր: Դու կրկին օֆֆլայն տիրույթներում ես, իսկ ես ընդմիշտ օնլայն սպասում եմ անվանդ կողքին այդպես էլ չվառվող կանաչ լույսին, որ լուսափորի պես հուշում է, որ հասանելի ես, սակայն արդյո՞ք ինձ համար: Աստված գիտե, թե որտեղ ես այժմ. հեռախոսագծերը մռմռում են, որ ժամանակավորապես անհասանելի ես. նրանք չգիտեն, թե որքան է հեռախոսս սպասում, որ հեռախոսիդ կանաչ կոճակը սեղմվի: Դու վայելում ես օֆֆլայն կյանքդ, իսկ ես թարմացնում եմ էջերս, անգիր անում ամեն կարգավիճակդ ու լինքդ, հերթով կարդում մեկնաբանություններդ ու եզրակացություններ անում: Լսում եմ քո սիրելի երաժիշտներին, մինչդեռ դու գուցե նրանց կենդանի կատարումներն ես վայելում: Թերթում եմ ծննդյան տոների ու խրախճանքների ֆոտոալբոմներդ, մինչդեռ գուցե հենց այս նույն պահին քեզ կրկին լուսանկարում են, որ հետո նշեն նկարների վրա, իսկ ես լուռ լայքեմ, երբեմն էլ համարձակվեմ ու մեկնաբանեմ: Համացանցում, ասում են թե, մարդ խիզախում է, հերոսանում, խենթանում: Ինչու՞ չեմ ես էլ այդպիսին: Ես քեզ հեռվից եմ երկրպագում և սպասում եմ, որ գուցե դու էլ ինձ լայքես, մեկնաբանես, գոնե պարզապես այցելես քեզ տենչող իմ էջ, որ կարգավիճակներս ու լինքերս գրկեն օնլայն քեզ, ջերմանան, որ տառերս իմաստալցվեն, տողերս հասցեավորվեն, երգերս պատմեն քեզ, թե որքան միայնակ եմ թվային ես: Ես կտեղադրեմ երջանիկ զույգերի նկարներ, մտովի կջնջեմ նրանց դեմքերն ու մեզ կպատկերացնեմ. գիտե՞ս` մենք գեղեցիկ կլինեինք: Վիրտուալ աշխարհում իմ գոյությունը պայմանավորված է միայն քեզնով, քո պատճառով ես այսքան թվայնացել եմ, վիրտուալացել, կորցրել իրական ինձ, որովհետև իրականում դու ինձ անգամ չես նայում, իսկ այստեղ մենք միմյանց ցուցակներում ենք. ես քո հազարավորներից մեկը, դու` իմ միակն ու գլխավորը:
Սիրում եմ, երբ զգում եմ, որ քեզնով եմ ապրում:
Սիրում եմ, երբ սպասում եմ քեզ:
Սիրում եմ, երբ հեռվից տեսնում եմ քեզ, իսկ սիրտս մատնում է իրեն:
Սիրում եմ, երբ գրկում ես, իսկ ես անպաշտպան փոքրիկի պես գլուխս դնում եմ ուսիդ:
Սիրում եմ, երբ հեռախոսիս էկրանը լուսավորվում է քո անունով:
Սիրում եմ, երբ այնքան մոտ ես, որ անգիր եմ սովորում քեզ:
Սիրում եմ, երբ բռնում ես ձեռքս, ամուր սեղմում, մատներով շշնջում, որ ինձ հետ ես:
Սիրում եմ, երբ ամբոխի մեջ գոյություն ունենք միայն դու և ես:
Սիրում եմ, երբ քո «դու»-ն առաջ եմ դասում իմ «ես»-ից:
Սիրում եմ, երբ իմ հիմարություններին պատասխանում ես քո իմաստությամբ:
Սիրում եմ, երբ աչքերիդ եմ նայում, թեև հաճախ չեմ դա անում. վախենում եմ խենթանալ:
Սիրում եմ, երբ ժպտում ես. քո ժպիտն աշխարհում ամենագեղեցիկն է:
Սիրում եմ, երբ զգում եմ սրտիդ աշխատանքը:
Սիրում եմ, երբ պատճառն եմ սրտիդ աշխատանքի արագացման:
Սիրում եմ, երբ մեր ապագա երեխայի մասին ենք խոսում. դու այնքան լավ հայր կլինես իմ դստեր համար:
Սիրում եմ, երբ հանդուրժող ես, համբերող, հասկացող:
Սիրում եմ, երբ հիշում եմ քեզ, իսկ ներսումս այրվում է ամեն ինչ, ջերմանում, քեզ կանչում:
Սիրում եմ, երբ գիտակցում եմ, որ վստահում եմ քեզ` իմ տղամարդուն:
Սիրում եմ, երբ միասին քայլում ենք, իսկ ես բռնվում եմ քեզնից, որովհետև բարձրակրունկներով չեմ կարողանում քայլել:
Սիրում եմ, երբ քո գրկելուց գժվելու աստիճան ինձ լավ եմ զգում:
Սիրում եմ քեզ, սիրում անմնացորդ, առանց երկմտելու, պարզապես սիրում…
Սիրտս ծակվել է, նրանից լիտրերով սեր ու հիասթափություն է հոսում, հոսում է` չգիտեմ էլ ուր, ինչի համար, արդյոք տեղ կհասնի, թե ոչ: Ինչ էլ պատահի իմ կյանքում, ուր էլ գնամ, որտեղ էլ մնամ, ես քեզ եմ հիշելու, որովհետև դու, թեև սրիկա, բայց… Տառապանք պատճառող մարդկանց մենք ընդմիշտ ենք հիշում, ես քեզ տիեզերական շատ եմ հիշելու, որովհետև դու ինձ սովորեցրիր արտասվել, տանջվել, ձգտել մահի, չհավատալ, չվստահել, պարզապես գոյատևել, ընկնել ու չուզենալ բարձրանալ, հասկանալ, որ կյանքն ի վերջո մի անվերջանալի պայքար է, ցավոտ, փշոտ, որի ավարտն անգամ ցավոտ է: Դու ինձ սովորեցրիր կյանքին վերջ դնելու ձևեր փնտրել, հասկանում ե՞ս: Դու ինձ այնքան ցավ ես պատճառել ու պատճառում, որ ատում եմ քեզ, մահդ եմ ցանկանում, թեև մահդ ինձ ի՞նչ, դու իմ մտքերում ես, դու իմ ափսոսանքներում ես, որ իմ բույրն են դարձել, ինձ երբեք չես լքում: Իմ հուսահատությունը քո անունն է կրում, իմ մահը քո անունն է կրելու, իմ ատելությունը քեզ սիրում է: Ես չեմ հասկանում, թե ինչու եմ քեզ անդադար հիշում, ես փակել եմ քեզ, այրել, սակայն դու, թեև սրիկա, ուրվականացել ես իմ սրտում, իմ շարժումներում, իմ խոսքերում, իմ հիշողություններում, իմ երգերում ու երազներում: Դու ինձ սպանել ես, գիտեմ, որ գիտես, գիտեմ, որ դրանից դու քեզ կարևոր ես զգում, դու իմ տողերի 90%-ն ես, դու, թեև սրիկա, բայց…
Ինձ դժվար է գրել քո մասին, վախենում եմ: Հիմար մտքեր են այցելում, որ շշնջում են, որ թե գրեմ քո մասին, կկորցնեմ քեզ: Ասա, որ դրանք սուտ ու փուչ մտքեր են, անձնական սնահավատություն: Ինձ դժվար է գրել քո մասին, որովհետև բառերս չեն հերիքում: Պարզվում է`իմ բառարանում չկան այնպիսի բառեր, որ կարողանան խոսել իմ մասին: Նոր բառեր են պետք… Թվում է, թե բառերս արժանի չեն քեզ: Մի՞թե հնարավոր է նման բան… Ամեն ներշնչելիս ու արտաշնչելիս դու ես մտքիս, և չեմ հոգնում քեզ, քո բառերը, քո լռությունը հիշելիս: Երբ կողքիդ եմ, փորձում եմ որքան հնարավոր է շատ բան գողանալ քեզնից, մտապահել խոսքերդ, շարժումներդ, բառերդ, ժպիտներդ, որպեսզի երբ տուն գամ, չխենթանամ քո կարոտից: Միտքս քո անունն է շշնջում, մատներս քո այտերն են նկարում, աչքերս քո ժպիտն են պատկերացնում, իսկ շրթունքներս դողում են հուզմունքից… Երբ գրկում ես ինձ, երբ գրկում ես ինձ, սիրտս պատրաստ է փշրվել, որովհետև թվում է, թե այդքան սեր ի վիճակի չէ տանել: Երբ լսում եմ ձայնդ, ցանկանում եմ ինչ-որ կերպ գրկել այն, սեղմել կրծքիս. քո շնչառությունը կարող է լավագույն օծալիքը լինել պարանոցիս, իսկ ժպիտդ` լավագույն զարդը: Այսքան ժամանակ ես կիսատ էի, իսկ հիմա գտել եմ քեզ, և աշխարհը կատարյալ է թվում: Արի ստեղծենք աշխարհ աշխարհում, վերցնենք մի փոքրիկ երկինք` ընդհանուր երկնքից, մի կտոր արև, մի քանի կիլոմետր օդ, մի քիչ անձրև, ձյուն, մի-մի գետ, լճակ, ծով, դու և ես… Մեզ ավելին հարկավոր չէ: Ուզում եմ ամեն րոպե կողքիդ լինել, չկարոտել քեզ և չտխրել նրանից, որ ստիպված եմ մի քանի ժամով հրաժեշտ տալ քեզ: Ուզում եմ մեր գեղեցիկ պատմությունն ունենալ, որ կպատմենք մեր երեխաներին: Ուզում եմ քեզ հետ մեծանալ… Ուզում եմ երջանկացնել քեզ… Ուզում եմ մեզ միշտ այսպես երջանիկ տեսնել, գուցե ավելին, որովհետև կատարելության հասնելու համար մեզ մի քանի բան է պակասում, որ փաթեթավորված է ժամանակի և հանդուրժողականության թելերով և սպասում է իր ժամին: Մեր այգին էլ կծաղկի…
Ինձ կսիրե՞ս մյուս կյանքում: Ինձ կսիրե՞ս, եթե այրեմ բոլոր օրենքներն ու կանոնները, ջարդեմ բոլոր շղթաներն ու քեզ գողանամ, բերեմ ինձ մոտ, գրկեմ ու էլ երբեք չթողնեմ: Ինձ կսիրե՞ս, եթե երդվեմ, որ քեզ երջանիկ կդարձնեմ, եթե խոստանամ, որ քեզ երբեք ցավ չեմ պատճառի, չեմ լքի ու չեմ կոտրի: Ինձ կսիրե՞ս, եթե ոչ մի խոստում էլ չտամ: Ինձ կհասկանա՞ս, եթե ասեմ, որ ինքս էլ ինձ չեմ հասկանում, բայց զգում եմ, որ ինչ-որ մեծ բան է կատարվում: Գուցե խաղ, գուցե փախուստ, գուցե հեքիաթ, գուցե հորինվածք, կամ էլ լոկ ճշմարտություն, որում ես ու դու ենք: Ինձ մոտ կգա՞ս, եթե ասեմ, որ քայլել չգիտեմ, ինձ կլսե՞ս, եթե ասեմ, որ խոսելն եմ մոռացել, ինձ կգրկե՞ս, եթե իմանաս, որ միայն գրկել կարող եմ: Դու ինձ հասկանում ե՞ս, իսկ ինքդ քե՞զ: Դու մի փոքրիկ հարցական, ես մի մեծ բացականչական, մի մեծ հռետորական հարց, որի վերջում, միևնույն է, հարցական է դրվում, հասկանում ե՞ս: Ինձ կօգնե՞ ս ճիշտ սիրել քեզ, եթե իմանաս, որ միայն քեզ եմ սիրել ու սիրում: Մոռանանք ապագան, այն ինձ չի հետաքրքրում, սակայն ես ամեն ինչ կանեմ, որ դու սիրես այն: Կողքիս կլինե՞ս. ես հիմա միայն քո կարիքն ունեմ: Ինձ հասկանում ես, չէ՞: Չէ՞... Ինձ կսիրե՞ս մյուս կյանքում, երբ երկուսս էլ լինենք կատու կամ զուգահեռ հոսող գետեր կամ էլ նորից այսպես մոլորված մարդ: Ինձ կհիշե՞ս, երբ մոտենամ ու պահանջեմ խնդրանքս կատարել, քանի որ ևս մի կյանք առանց քեզ ես չեմ հանդուրժի: Ինձ կսիրե՞ս մյուս կյանքում...
Սիրո բոլոր բառերը վերանում են, երբ կողքիդ եմ: Երբ կողքիս ես, աշխարհը կարծես իմն է: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ապրածս ամեն պահի համար, որովհետև այն լի է քեզնով, իսկ ես... Ես պարզապես սիրում եմ քո կողքին լինել, գրկել քեզ, երբեմն նայել աչքերիդ և ժպտալ, շատ ժպտալ: Քեզ հետ ես սովորեցի նորից ժպտալ, անկեղծ ժպտալ: Ես պարզապես սիրում եմ քո ներկայությունն իմ ամեն քայլում, մտքում, խոսքում: Հիացմունք է այն, ինչ ապրում եմ: Եվ անսահման երախտագիտություն. ամենքս սիրվելու իրավունք ունենք: Ես սիրում եմ այն իրավունքները, որ ունեմ քո կողքին: Ես պարզապես սիրում եմ քո ամեն մասնիկը, քո ամեն բառը, հայացքը: Ես սիրում եմ քո զայրույթը, քո ծիծաղը, այն, թե ինչպես են աչքերդ փայլում, երբ ժպտում ես: Ես կարոտում եմ քեզ, սակայն սիրում եմ կարոտս, որովհետև այն գեղեցկացնում է քեզ տեսնելու պահը: Ո՞վ կմտածեր, որ երջանկությունն այսքան պարզ բան է...
Պատկերացնու՞մ ես մեզ մեծացած: Պատկերացնու՞մ ես ամեն առավոտ արթնանալիս իրար ենք տեսնելու: Երբեմն ես կարթնանամ քեզնից շուտ, կգնամ խոհանոց հատուկ քեզ համար նախաճաշ պատրաստելու: Դու սուրճն ինչպե՞ս ես սիրում: Սուրճ սիրում ե՞ս: Դու կարթնանաս, իսկ սենյակում արևն իր ճառագայթները մեզ կնվիրի: Դու կնախաճաշես, իսկ ես քեզ կնայեմ: Երբեմն էլ երբ ես արթնանամ քեզնից շուտ և խոհանոցում նախաճաշ պատրաստելիս լինեմ, դու զգույշ կմոտենաս ու կգրկես ինձ, իսկ արևը մեզ իր ճառագայթները կնվիրի: Մենք միասին կծիծաղենք, կատակներ կանենք, երբեմն էլ դու պարզապես լուռ կնստես սեղանի շուրջ ու կնայես, թե ինչպես եմ նախաճաշ պատրաստում: Երեկոները մեր սերը մեզ ճառագայթներ կնվիրի: Դու կգրկես ինձ, երբ մենք գորգին նստած ֆիլմ կդիտենք, որի կեսից անգամ գլուխ չենք հանի, որովհետև անընդհատ կխոսենք ու կկատակենք: Դու ինձ գետնին կտապալես ու կխաղաս մազերիս հետ, կնայես աչքերիս ու ոչինչ չես ասի, որովհետև ես արդեն սովորած կլինեմ քեզ առանց խոսքերի հասկանալ: Մենք կսիրենք ամեն եղանակ ու տարերք, որովհետև միասին կլինենք ու անելու այնքան բան կունենանք: Ես չեմ դադարի քեզ սիրելուց ու երազելուց, որ մեր տանը երեխաների ձայներ լինեն: Իսկ իմ երազանքն իրականություն կդառնա, որովհետև դու էլ այն կկիսես: Մենք կունենանք մի փոքրիկ գաղտնիք, որի անունը «երջանկություն» կլինի, գաղտնիք, որ մեր անունները կկրի: Ես սիրում եմ քեզ:
Անգամ երբ աշխարհը կուլ գնա տիեզերքին, վերանան երկինքն ու երկիրը, ես կհիշեմ քեզ: Ես կկրեմ քեզ իմ սրտում. դու այնտեղ կյանք ես դրել: Ես կմտածեմ քո մասին. դու գրավել ես մտքերիս հոսքը դեպի քեզ ու ձգում ես, ձգում, իսկ նրանք հնազանդաբար լողում են դեպի քեզ, գալիս, պարուրում, գրկում: Բառերս սիրում են քեզ:
Անգամ երբ բնությունը խենթանա, երկիրը ճաք տա, ծովերը դուրս գան ափերից, երկինքները շանթեր արձակեն, ամպերն ամպրոպներ գոռան, ես կհիշեմ քեզ: Ես կվազեմ քեզ մոտ. դու կառավարում ես շարժումներս, որ դեպի քեզ են ուղղվում ուր էլ լինեմ: Աչքերս սիրում են քեզ:
Անգամ երբ մարդիկ ցնորվեն, խելագարված հարձակվեն միմյանց վրա, սպանեն մոլորակը, ես կհիշեմ քեզ: Ես կխոսեմ քեզ հետ. դու գիտես հասկանալ ինձ անգամ երբ ես ինքս ինձ չեմ հասկանում: Շրթունքներս սիրում են քեզ:
Անգամ երբ դու ինքդ քեզ կորցնես, անհետանաս, ասես, որ երբեք էլ չես եղել, ես կհիշեմ քեզ: Ես կսիրեմ քեզ հենց այնպես. քո անունն է սեր: Ես սիրում եմ քեզ…