Իմ աշխարհը եկավ բարևելու քո աշխարհին ու խնդրելու, որ ներս թողնես ու ընդունես: Իմ աշխարհում արևն է պակասում:
-Բարև:
Այնտեղ, որտեղ տարբեր երկինքներ հանդիպում են` գիտակցելու, թե որքան շատ են անձրևել, արևն է զարթնում` ցույց տալու, թե որքան շատ էր նա սպասում այդ հանդիպմանը:
-Մենք կրկին հանդիպեցինք:
Երբ խավարը պատում է լույս տենչացող մաքրությանը, գիշերը գալիս է` ցույց տալու մթության գեղեցկությունը: Ամեն մութ չէ, որ խավար է: Ամեն խավար է, որ լուսանում է:
-Սա ճակատագի՞ր էր, թե՞ նախախնամություն:
Բացիր հոգուդ գաղտնիքները, ազատություն տուր դրանց. գաղտնիքները մահանալու համար են ծնվում: Պատմիր ինձ քո առավոտների ու կեսօրների մասին. ես ուզում եմ դառնալ քո գիշերները:
-Գիտե՞ս` ես երևի ցանկանում էի քեզ կրկին տեսնել:
Երազանքները ծնվում են իրականանալու, իսկ մարդիկ` դրանք գրկելու և ամուր պահելու: Ես քեզ եմ տալիս իմ երազանքները:
Հույսերը ծնվում են` նպատակ դառնալու համար, երբ գտնվում է այն մեկը, ում ցանկանում ես վստահել: Մարդիկ միշտ չէ, որ կարող են ուժեղ լինել. ամեն ուժ իր թուլության ժամին է սպասում: Ես քեզ եմ նվիրում իմ հույսերը:
Զգացմունքները ծնվում են` կյանք տալու համար: Ակնթարթն ակնթարթի վրա կերտվում է զգացմունքալի մի ուղի, որ տանում է դեպի երազանքների ու հույսերի հորիզոններ` ծովերի պես հեռավոր ու անհատակ:
-Ես սովորել եմ կարոտել քեզ…