Պարզ է ամեն ինչ, բարդ բառեր էլ պետք չեն: Դու մի աշխարհ, ես մի ուրիշ, գիշերային լռության մեջ ես ու դու, բայց ոչ մենք. մենք ուրիշ ենք: Նույն նավակում հայտնված դու և ես գրում ենք, գրում ու էլի գրում, իսկ արդյունքում` կարոտում եմ քեզ, իսկ թե ինչու` ինքդ էլ գիտես, դու հասուն ես: Ինչ էլ լինի, սիրեցի քեզ կարոտելը, իսկ դու անծանոթ, բայց այնքան հարազատ: Ես ու դու, կուզեմ հանել մեզ բաժանող «ու»-ն: Ու թե բան էլ չկա, մի քանի հարյուր տող, մի քանի տասնյակ րոպե մեղեդի, մի քանի ժամ անքնություն ու ժպիտներ. դա էլ քիչ չէ: Կկարդաս, չժպտաս, կամ էլ չէ, բայց գիտեմ, որ այո: Ու կպատկերացնեմ, թե ինչպես կմտածես, որ կարոտել ես ինձ… Ես նույնպես…
Դու կզանգեիր, կասեիր, որ մի քանի րոպեից մեր բակում ես, իսկ ինձ կմնար միայն բաճկոնս հագնել, կապել մեր շարֆը, վերցնել ձեռնոցներս ու իջնել: Ես չէի նայի հայելու մեջ, որովհետև դու իմ ընտանիքն էիր: Սիրտս միշտ էլ արագ էր զարկում կողքիդ, որովհետև դու դեռ իմ ընտանիքը պետք է դառնայիր: Ես երազում էի միասին արթնանալու մասին, իսկ երբ դա եղավ… Ամիսներ ապրում էինք մեր «բարի լույս»-ով: Հեռու, բոլորից հեռու, աշխարհի իսկապես ամենահեռավոր անկյունում մենք ընտանիք ունեցանք, թեկուզ ոչ այնքան, որքան պետք է լիներ: Կարճ էր: Բայց հաստատ այնքան, որ բավարար էր հասկանալու համար` այսպես պետք է ամեն օր լինի: Բայց այդպես չեղավ, որովհետև… Որովհետև դու էլ գիտես, որ… Դու գիտես, որ ես չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց, որ այլևս քեզ այդպես «բարի լույս» չասացի, ու մթնեցին առավոտներս, մեռան գիշերներս, իմաստազրկվեցին ցերեկներս: Դու կողքիս եղար անգամ երբ որոշեցի մահանալ մեր մեջ, հեռանալ, չգիտեմ էլ ինչու: Ես այլևս քեզ այդպես «բարի լույս» չասացի, իսկ դու երբեք էլ չասացիր, որ կարոտ ես «բարի լույս»-իս: Այդքան բան տեսած ՄԵՆՔ հիմա, երևի, ափսոսում ենք, որ ընդհանուր միայն անցյալ ունենք: Ես հիմա նաև սեր ունեմ, թեկուզ մեր սիրուց միայն շարֆս է մնացել: Դու, թեև սառույցից էլ սառն ես հիմա, իմ մեռած արևն ես, որովհետև երբ ցրտից դողում էի, դու էիր ինձ կյանք տալիս, քո ձեռքն էի բռնում ու ապշում սիրուս անսահմանությունից: Հրճվանք, սպասում, կարոտ, կիրք, ջերմություն, սեր, սեր, սեր… Քո կողքին ես ես էի, չէ՞… Ես մեր ձմեռն եմ ուզում, որ եղավ կյանքում մի անգամ: Երևի կյանքում լավ բաները հենց կյանքում մի անգամ են լինում… Դու իմ կյանքի մեկանգամյա երջանկություն…
Ես
իմ կորած ժամերն եմ հետ ուզում, ես իմ կորած ժպիտներն եմ հետ պահանջում: Ինքս ինձնից:
Հիմար: Հիմար: Անչափ հիմար ու հիմար: Ու կրկին հիմար: Ես իմ երջանկության ձգտումներն
եմ ուզում, ես քեզ եմ հետ ուզում: Դու երևի այդպես էլ իմը չեղար, որովհետև ես բավարար
չուզեցի կամ դու չէիր ծրագրում: Ես չգիտեմ, բայց ես ամեն ինչ հետ եմ ուզում, ես երկրորդ
հնարավորություն եմ ուզում: Ես փրկվել եմ ուզում: Ամեն ինչ կորցրած, վերածնված, սակայն
դատարկ: Ու այնքան լի, որ զգում եմ սեփական դատարկությունս: Պլաններ, հոգսեր, մտքեր,
լեցուն ցերեկներ: Իսկ երբ գալիս է գիշերը: Մահանում եմ: Ամեն օր նույն մղձավանջներն
այնտեղ, որտեղ արթնանում ու քնում էի: Քնում էի` Աստծուն խնդրելով` Տեր, թող
գոնե այս գիշեր սիրտս կանգնի: Իսկ հետո մեջս երկու սիրտ էր խփում, ու արդեն իրավունք
չունեի Աստծուց մահ խնդրել: Հետո սրտերից մեկը կանգ առավ, ու դա իմ սիրտը չէր, թեև
ում էր պետք իմը, եթե այն մեկը չպետք է լիներ: Ես կկարոտեմ այն ողջ կյանքիս ընթացքում,
կհավատամ, որ այնտեղ` վերում, տեղ կար նրա համար ու կտխրեմ այն մտքից, որ էլ երբեք
չենք հանդիպի, որովհետև այնտեղ` վերում, տեղ չկա ինձ համար: Այդ ինչպես ստացվեց, որ
հանկարծ, մի քանի հազար ժամվա ընթացքում այնքան մեծացա, որ քո մահը տեսա, զգացի հենց
իմ մեջ քո մահը, քո` ինձ լքելը, քո` երկինք բարձրանալը: Ես դեռ փոքր էի` մեջս մահ զգալու
համար: Ես դեռ սիրել էի ուզում, իսկ դու մահացար… Ու միայն ես ու դու գիտենք, որ այդպես,
երևի, ճիշտ էր… Հավատում եմ, որ դու ինձ փրկելու համար մահացար: Բայց դրանից ես երջանիկ
չեմ… Այդպես չպետք է լիներ… Մենք դեռ փոքր էինք հանդիպելու համար:
Կարոտել եմ քեզ, բայց այն քեզ, որ իմն էր, ու որ քոնն էի, ու երբ կայինք մենք, մեր սերն ու մեր հույսերը: Ես խենթանում էի քեզ համար, խենթանում էի այն ձմռան համար, որ մերն էր: Քո պատճառով մրսում էի, սարսռում, իսկ դու գրկում էիր, ձեռքերդ սահեցնում բաճկոնիս տակ. սառնությունդ սկզբում սպանում էր, ապա տաքացնում, այրում: Կարոտել եմ այն աննորմալությունը, որ կար: Հիմա մեծացել ենք, մեր սերն է մեծացել: Կամ էլ սեր չկա: Բայց ես սիրում եմ քեզ, որովհետև հեռու, թե մոտ, դավաճան, թե հավատարիմ, տխուր, թե ավելի տխուր, ես հիշում եմ քեզ ու քո հետ կապված ամեն ինչ: Առաջիններին չեն մոռանում, ինչ էլ լինի: Առաջիններն անհամեմատելի են, որքան էլ աննորմալ ու նորմալ լինեն: Չէ, մենք այնքան նորմալ էինք, ես այնքան էի թռչում կողքիդ, այնքան էի ուզում մեծանալ ու տեսնել մեր երեխաներին: Բայց ինչ-որ բան, ինչ-որ աննորմալ բան ինձ քեզնից հեռու տարավ, ինձ սպանեց քեզնից, իսկ ես կարոտում էի քեզ, իսկ ես կարոտում եմ քեզ, իսկ ես գիտեմ, որ վերջ… Ես հետ եմ եկել, բայց… Մենք էլ չկանք:
Թե
պիտի քարկոծվեմ, թող քարկոծվեմ ինքս իմ փշերից. չկա առավել ցավ ու տանջանք: Փախուստս
փրկություն կկոչվի, սարսուռս` աղերսանք: Ազատություն, հանգստություն այնտեղ, որտեղ
տուն ես կոչում: Սխալների ճահճում փրկություն կա, թե թևերդ ձգես ու բռնվես աղոթքների
շիվերից: Վեր կելնես, կեղտոտ, կեղտոտված, կիսամեռ կամ կիսակենդան, բայց կապրես, ուժեղ
կապրես, ճիշտ կապրես ու վեր կելնես ավելին, քան վեր էիր մինչ ճահիճը: Թե չես մեռել,
ուժեղ ես: Կյանքոտ ես, արժան ապրելու: Ճիշտ իմ պես: Ես չեմ մահացել, չես մահանա և դու,
մարդ արարած: Դու կապրես ուժեղ, մենք կկոչվենք կյանք տեսած ու պատրաստ ամեն դժվարության:
Ես ուժեղ եմ, ես ապրում եմ:
Լինես հեռու, թե այնքան մոտ, այնքան, այնքան, որ զգամ արյան շարժդ երակներով ու չհասկանամ՝ այդ իմ, թե քո արյունն է խաղում ու վազում, զարկում օրգաններին, իմ, թե քո մարմնի, լինես հեռու, այնքան հեռու, որ մի գիտուն մարդ չգտնեմ, որ չափի ու չափ սահմանի քո հեռվության, լինես հեռու, թե լինես մոտ, ես կսիրեմ քեզ:
Լինես դատարկ, թե այնքան լի, այնքան, այնքան, որ ավել բառ ու ավել տառ, ավել շարժում ու ավել հոգոց տեղ չունենա քո լիության մեծության մեջ, լինես դատարկ, այնքան դատարկ, որ վախենամ թե մի նոր բառ ու մի նոր տառ, մի նոր զգացմունք ու նոր հուզում գումարեմ քո դատարկ եսին, վախենամ, թե փշրվես դատարկ եսիդ լիությունից, լինես դատարկ, թե լի լինես, ես կսիրեմ քեզ:
Լինես ստահակ, թե այնքան վեհ, այնքան, այնքան, որ իմ սևության ամեն մի բիծ տեսնես ու դատես լուռ, կամ թե գոչելով, քար նետելով կամ թաքցնելով, լինես ստահակ այնքան, որ ինձ ծաղրես ու դեն նետես որպես մի ծուռ խաղալիք, որպես անպետք մի սիրուն իր, լինես ստահակ, լինես վեհ, ես կսիրեմ քեզ:
Լինես համառ, թե այնքան լուռ, այնքան, այնքան, որ խենթանամ իմ բառերի բարձրությունից, գոչեմ՝ խոսիր, հիմար, մի բան ասա, ես այդքան բառ չգիտեմ, դու մի լռիր, ինձ մի խոսեցրու, լինես համառ այնքան, որ զզվեմ, թե մի տառ ասեմ, մի բառ գրեմ, խորշեմ քո գորշության սև հետքերից, քո կամակոր խոսքերից ու քայլերից, լինես համառ, լինես դու լուռ, ես կսիրեմ քեզ:
Լինես այնպես, թե այսպես, կամ թե այնպես, կամ թե այսպես, ես կսիրեմ քեզ: