Անմարմին, անհայացք, անշոյանք

Հուսահատություններիս բաժակն այնքան է լցվել, որ խեղդվում եմ արդեն: Ես խմում եմ, խմում, անվերջ խմում, հարբում, ցած ընկնում, սկսում սողալ ու արմունկներս արյուն արած պառկում սպասումների խաչմերուկներում, որտեղ հույսերս փոշի են կապել ու ոռնում են տխուր կապած ու ամփոփած: Թե չսիրեցիր ինձ հարբած, չես սիրի նաև սթափ, անչափ ու չափավոր, անսեր ու սիրավոր, անսիրտ ու անհոգի, անմարմին, անհայացք, անշոյանք: Դու չես սիրի մտքերս խենթ, չես սիրի մտքերս լուռ, չես նստի կողքիս, և մենք չենք հետևի ալիքների պարին, որովհետև միասին այդքան հեռու չենք գնա, երբեք չենք գնա: Դու ինձ տաք թեյ չես տա, որովհետև միասին այդքան չենք մրսի, ոչ էլ կշոգենք: Ես չեմ տեսնի քեզ քնկոտ, չեմ տեսնի զայրացած, չեմ տեսնի փրփուրը հոգուդ ու ցասումն աչքերիդ: Իսկ դու չես տեսնի ինձ ոչ մի ձև. ես հիմա էլ մի անձև հիասթափություն եմ` անմարմին, անհայացք, անշոյանք: Ձեռքերս կնճիռ կկապեն, մատներս թույլ կդողան, բայց ամուր կսեղմեմ միայնության ձեռքն ու առաջ կսողամ` արմունկներս արյուն արած: Իմ աչքերից արյուն կհոսի, սիրտս դանդաղ կանգ կառնի, իսկ դու կհարբես հեռավոր ափերին ու սեր կդիտես: Ես սեր կհունցեմ, բայց սեր չեմ ստանա, որովհետև կխեղդվեմ միայնության ճրագներում ու մոխիր դարձած քամի կհյուսեմ մազերիդ: Անմարմին, անհայացք, անշոյանք:

Tags:

Share:

0 մեկնաբանություն