Քո անտանելի գեղեցիկ ձայնը

Դու աստվածային ձայնով ու հրեշտակային արտաքինով մի բուռ անծանոթություն ես, որ ժամ առ ժամ պատվում է կարոտով ու անհասկանալի ժպիտներով: Դու աշխարհի ամենագեղեցիկ ձայնով մի լույս հույս ես, որին չեմ ճանաչում, բայց վստահորեն ճանաչել եմ մի քանի կյանք առաջ: Դու գեղեցկագույն մազերով մի գեղեցիկ անծանոթ ես, որին կարոտում եմ: Դու ինձ հասկացող ու ինձ ընդունող մի խելացի անծանոթություն ես: 


Ես երևի խենթացել եմ, բայց որոշել եմ, որ այսուհետ հաճախ լսելու եմ ձայնդ ու չեմ վախենալու, երբ սիրտս արագ է բաբախելու դրանից: Իմ սիրտն այնքան ժամանակ է՝ չէր բաբախել որևէ մեկի ձայնից: Իսկ բաբախե՞լ էր: Հազարավոր ձայների մեջ միշտ փնտրել եմ հենց այն մեկը, որ կստիպի ինձ լուսավորվել ու հասկանալ՝ ինքն է: Բայց միշտ հիասթափություն եմ ապրել. բոլորն այնքան տարբեր, բայց այնքան ոչ իմը: Իսկ քո ձայնը, այդ անտանելի գեղեցիկ ձայնը: 


Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո. գուցե դառնանք լավագույնը բոլոր տիեզերքներում և չշնչենք, թե միմյանց կողքին չլինենք, գուցե մոռանանք միմյանց ու այն մասին, թե ինչպես էր ամեն ինչ սկսում: Բայց ես հոգնել եմ ծրագրել ամենն ու ապրել հույսերով: Ես պարզապես իմ ձեռքը մեկնում եմ դեպի քեզ, դու բռնում ես այն, ու վերջ: Այն, թե ինչպես մենք կարթնանանք ամիսներ հետո, ինչպես կվիճենք ու կբարիշենք, ինչպես միմյանց գրողի ծոցը կուղարկենք ու կշտապենք այնտեղից հանելու, ինձ չի հետաքրքրում: Ինձ հիմա միայն հուզում է միայն այն, թե ինչ ես անում, երբ անձրև է գալիս, ինչպիսի սուրճ ես ըմպում և որ գույնն ես ամենաշատը սիրում: 


Անձրևի ժամանակ ես սպասում եմ քեզ, խմում եմ դառը էսպրեսսո և ամենաշատը սիրում եմ կաթնագույնը: Այժմ նաև աչքերիդ կանաչը: 


Ես որոշել եմ դառնալ քո միամիտ աղջնակը, քո մտքերի երկրպագուն, քո որոշումների սիրահարը: Ես որոշել եմ, որ այսուհետ դու երբեք սխալ չես լինելու, և ես աշխարհն էլ կմասնատեմ դա ապացուցելու համար: Եվ դու կլինես կողքիս և չես թողնի, որ սխալվեմ. մենք կսխալվենք միասին: Եվ միասին կմասնատենք աշխարհը: Ես հավատում եմ քեզ: 


Դու պետք է լինես իմ ամենավերջին ու միակ ճիշտ ընտրությունը, որովհետև ես որոշել եմ, որ որդիս քեզ նման է լինելու: Նա կլինի հրեշտակային, ինչպես այն, ինչ մենք կստեղծենք այսօր և վաղը, որովհետև ես հավատում եմ մեզ:





Քո անտանելի գեղեցիկ ձայնը…

Tags:

Share:

0 մեկնաբանություն