Դու ամուսնացած էիր

Դու ամուսնացած էիր: Եվ դա իմ կյանքի ամենամեծ ողբերգությունն էր: Դու գրողի տարած ամուսնացած տղամարդ էիր: Գրողը տանի, դու իսկապես ամուսնացած էիր: Եվ ես սիրում էի քեզ:
Դու ասես հրուշակեղենի խանութի լավագույն թխվածքը լինեիր, որ արդեն պատվիրել էին: Դու գրքերի մեջ ամենահետաքրքիրն էիր, որի թերթերն ինչ-որ մեկն ինձնից առաջ կարդացել ու սոսնձել էր: Դու տղամարդկանց մեջ ամենալավն էիր, բայց, ինչպես միշտ է պատահում, երբեք էլ իմը չէիր դառնալու:
Առավոտյան արթնանալիս առաջին հերթին փոստս էի ստուգում՝ հուսալով, որ քեզնից ինչ-որ նորություն կլինի: Սովորաբար լինում էր: Մինչ կինդ քեզ համար սուրճ էր պատրաստում, և դուք զրուցում էիք նախաճաշի սեղանի շուրջ, ես կարդում էի նամակներդ ու զրուցում թեյի բաժակներիս հետ: Կինդ քեզ աշխատանքի էր ճանապարհում, ես՝ դիմավորում: Եվ կապ չունի, որ կիլոմետրերով հեռու էի քեզնից. ես քեզ ամեն օր աշխատանքի էի դիմավորում: Հաճելի էր գիտակցել, որ օրվա մեջ մի քանի ժամ նրան չես տեսնելու:
Երեկոյան իմ տրամադրությունը կտրուկ իջնում էր: Հենց այն պահին, երբ դու տուն էիր մտնում, ես՝ քեզնից կիլոմետրերով հեռու, զգում էի դա ու սարսափելիորեն տխրում: Ինձ թվում է՝ դու էլ գիտեիր, թե որքան լավ կլիներ, եթե աշխատանքից հետո ե՛ս դիմավորեի քեզ, հենց ես, ուրիշ ոչ ոք, միայն ես: Ես քեզ այնքան լավ կդիմավորեի, անգամ չեմ էլ կարող պատկերացնել, թե որքան լավ: Բայց դա ինձ վիճակված չէր:
Դուք պառկում էիք քնելու, ես նույնպես: Քո անկողինը տաք էր լինում. կինդ կողքդ էր: Իսկ ես սարսափում էի այն մտքից, թե որքան սառն էր լինելու անկողինս: Այն արդեն որքան ժամանակ է՝ սառն էր, կարծես թե երբեք էլ այնքան տաք չի եղել չմրսելու ու չսարսափելու համար:
Եվ ու՞մ էին պետք մեր գիշերային զրույցները, թե առավոտյան կինդ էր քեզ համար սուրճ պատրաստելու: Նա կարող էր հենց այնպես համբուրել քեզ, իսկ ես դրա մասին երազելու իրավունք անգամ չունեի: Ես չէի կարող մտքիս ծայրով անգամ անցկացնել, որ դու իմն ես, թեև դու իմն էիր, ես էլ՝ քոնը: Նա կարող էր բռնել մատներդ ու մոտեցնելով փորին ասել, որ հայր ես դառնալու, իսկ ես այդպես չէի ասի երբեք: Նա կարող էր ձեր սիրո պտուղը կրել սրտի տակ, իսկ ես միայն իմ սերն էի կրում սրտիս մեջ: Դա ինձ բավարար չէր, բոլորովին բավարար չէր, բայց…
Բայց դու ամուսնացած էիր: Դու գրողի տարած ամուսնացած տղամարդ էիր: Գրողը տանի, դու իսկապես ամուսնացած էիր: Իսկ ես սիրում էի քեզ: Եվ դա իմ կյանքի ամենամեծ ողբերգությունն էր:


Share:

1 մեկնաբանություն