Երբ թրջվում ես անձրևի տակ

Երբ թրջվում ես անձրևի տակ, գիտես, որ հիվանդանալու ես, բայց միևնույն է` շարունակում ես խելահեղ պարել ու վայելել ամեն կաթիլը: Այդ ամեն կաթիլը պատճառ է հանդիսանում, որ հետո դողէրոցքով պառկես անկողնում ու երազես արևի գեթ մի ճառագայթի մասին: Բայց հետո հիշում ես, թե ինչ երջանիկ էիր այդ անձրևի հետ ու մտածում ես, որ արժեր օրերով հիվանդ պառկել թեկուզ այն քսան րոպեների համար, որ երջանկացրել են քեզ:





Ես էլ նախընտրեցի անձրևը…


Ու երջանկություն բերող հիվանդացնող կաթիլները, փոքրիկ կաթիլները` սիրո անսահման օվկիանում…







Հերթական օրն էր ավարտվում: Օր, որ նախորդների նման ոչինչ չէր տվել: Չէր էլ կարող տալ: Ի՞նչ պիտի լիներ սովորական ուսանողի սովորական առօրյայում: Ընկերներ, աղջիկների մասին քննարկումներ, փող, բողոքներ վերջինիս բացակայության համար: Երեկոյան նստած էի ինտերնետ սրճարանում, որտեղ ընկերս էր աշխատում: Շուրջս բոլորը մտել էին հանրահայտ սոցիալական կայքը: Ես էլ մտա: Պատասխանեցի ընկերներիս գրած հաղորդագրություններին: Հարևան համակարգչի մոտ նստած ընկերոջս հետ էինք ապուշանում, երբ անձրև սկսվեց: Այսինքն դեռ չկար անձրև, ընդամենը մի քանի կաթիլ, որոնք սակայն հուշում էին հորդ անձրևի մոտալուտ գալը: Երկար ժամանակ չէր անձրևել, և ես պատրաստ էի դուրս գալ ու թրջվել: Մի աղջկա տեսա սոցիալական կայքում: Գեղեցիկ էր, վայրի: Նրա աչքերը կարծես կանչում էին ինձ: Իսկ ժպիտը խոսում էր ինձ հետ: Մի պահ պարզապես նայում էի նրան: Ու գրեցի: Չէ՞ որ նա կանչում էր ինձ: Հետո մտածեցի` գուցե միայն ինձ չէ, որ կանչում են նրա աչքերը: Ու խանդեցի: Իսկ նա չպատասխանեց: Փաստորեն եթե անգամ նրա հայացքը ուրիշներին էլ կանչեր, դա դեռ քիչ էր: Երկար ժամանակ նայում էի նրան ու սպասում, որ գրի: Բայց նա այդպես էլ չէր գրում: Իսկ ես ուրախանում էի: Ու հպարտանում: Մեկ էլ հանկարծ նա պատասխանեց. ագրեսիվ ու անսպասելի: Ասաց, որ տրամադրություն չունի ու չի ցանկանում ոչ մեկի հետ խոսել: Ասացի, որ կգրեմ նրան: Բայց այդպես էլ չէի գրում, որովհետև ամենից շատ չէի ուզի, որ մերժեր: Նախընտրում էի, որ նա այդպես էլ մնար այն վայրի գեղեցիկ աղջիկը, որը տրամադրություն չուներ:






Մի քանի օր անց նա ինքը գրեց.


-Տխուր եմ, կխոսե՞ս հետս:


-Ինչքան ուզես: Կմնամ քո հետ, մինչև հանգստանաս:


-Ամբողջ գիշեր կխոսես, չէ՞: Չես գնա չէ՞:


Առաջին հայացքից այդքան ինքնավստահ երևացող այս աղջիկն այժմ ասես անօգնական փիսիկ լիներ, որ դրսում` անձրևի տակ դողում էր: Այնքան էի ուզում գրկել ու տաքացնել նրան, որովհետև գիտեի, որ մրսում է: Ամբողջ գիշեր խոսեցինք ոչնչի մասին: Բայց ես սիրում էի այդ ոչինչը: Այդ ոչնչի մեջ ես տեսա այնքան գեղեցկություն, բայց միաժամանակ և տխրություն: Ինչ-որ դժբախտ բան կար այս աղջկա մեջ, ձգող դժբախտություն: Նա փիսիկի պես կծկվել էր մեր խոսակցության անկյունում ու անվստահորեն ժպտում էր: Ինտերնետ սրճարանն արդեն փակվում էր, ընկերս արդեն պատրաստվում էր այն փակել, իսկ ես դեռ նրա հետ էի: Գրկել էի նրան, իսկ նա գլուխը դրել էր ուսիս ու ժպտում էր: Հետո նա քնեց, իսկ ես գնացի տուն:






Գիշերը չէր անցնում: Անկողինս այսօր սովորականից սառն ու մեծ էր թվում: Աչքերս բաց թե փակ տեսնում էի սոցկայքից այն աղջկան, հիշում էի, թե ինչ խոսեցինք, ինչքան շատ բան կար դեռ ասելու: Քնելուց առաջ նա ասաց, որ միշտ քնում է իր խաղալիք կովին գրկած: Հավանաբար նա այժմ էլ գրկել էր այդ անիծյալին ու քնել:






Օրը շատ դանդաղ էր անցնում. դասեր, դասախոսություններ, որ չէին հետաքրքրում, տգեղ ձեռագիր, որ սարսափեցնում էր: Այս ամենն իմ աշխարհի գորշ մասն էր կազմում, թեև թե ո՞րն էր աշխարհիս պայծառ մասը` դժվարանում եմ ասել: Դասերից անմիջապես հետո շտապեցի ժպիտներիս գաղտնի պահոց` ինտերնետ սրճարան: Երկու ժամ սպասեցի նրան: Նա եկավ: Ասաց, որ կարոտել է: Ու որ խաղալիք կովիկին այսօր լողացրել է: Նրան չէի հարցրել կովիկի մասին: Ժպտացի: Այսօր նա ուրիշ էր. հարազատ էր դարձել: Կարծես երկրորդ օրը չլիներ, որ խոսում էինք:


Անցավ մի ամիս: Ամեն ինչ սովորականի պես էր ընթանում. դասեր, մարզասրահ, ընկերներ: Միայն թե այդ ամենի մեջ մի փոքրիկ լուսավոր ժպիտ էր ավելացել` Էլիզա անունով: Նրա միայն ձայնն էի լսել: Չէի տեսել նրա ձեռագիրը, չգիտեի արդյոք խաղում է իր մազերի հետ, կամ թե արդյոք ինչպես է ծիծաղում: Բայց ես տեսնում էի նրան… իմ երազում: Ու թեև երազներս չէի հիշում, առավոտյան հաստատ գիտեի, որ նրան եմ տեսել:


-Ուզում եմ, որ իրոք սիրեմ ինչ-որ մեկին, որ գրկեմ, փաթաթվեմ, իմանամ, որ ինքն էլ ինձ է սիրում…,- գրեցի մի անգամ:


-Կամ ես ապուշ եմ, կամ էլ դու իրոք հրեշտակ ես, Գաբրիել:


-Ես կասեի` հրեշտակապետ…


Նա ծիծաղի ժպիտիկ ուղարկեց: Հիմա երևի ժպտում էր կամ ծիծաղում:


Էլիզան այնքան նեղացկոտ էր: Հաճախ էի նրան առանց գիտակցելու նեղացնում: Նա էլ կամ կծկվում էր ու նեղացած նայում կամ էլ զայրանում էր ու ասում, որ էլ կյանքում չի խոսի հետս: Ես էլ այդ խոսքերից էի զայրանում: Ախր ինչպե՞ս կարող էր այդպես ասել: Մի՞թե չէր հասկանում, որ մենք պիտի խոսեինք: Պատահում էր` օրերով չէր խոսում: Հենց այդպես էլ պատահեց Նոր տարվա գիշերը: Արդեն երկու շաբաթ է, ինչ չէր խոսում ինձ հետ: Ես էլ արդեն հույսս կորցրել էի, թե երբևէ կխոսի: Մտածեցի, որ գուցե Նոր տարվա գալիքը նրան փափկացներ ու զանգեցի: Իսկ նա ասաց, որ էլ չի ուզում իմ մասին լսել և կախեց լսափողը: Հետո հաջորդ օրն ինքը գրեց ու ներողություն խնդրեց: Ասաց, որ ատում է Նոր տարին, քանի որ բոլորն այդ օրը միանգամից մեկ օրով բարիանում են, դառնում ազնիվ, արդար, կամեցող, իսկ հետո նորից հանում այդ հիմար դիմակներն ու շարունակում սպանել իրար: Այս փոքրիկ փիսիկի մեջ այսքան կսկիծ որտեղի՞ց: Խոսում էր խելացի, վարվում մանուկի պես:






Հանդիպեցինք: Ձմռան մի ցուրտ օր հիվանդացավ, վառվեց ջերմության մեջ: Բայց հիվանդությունն այդ տևեց ընդամենը երեսուն րոպե: Հետո օրը պարզապես ժպտում էր, խաղաղ ու ուրախ: Մի այնպիսի հանգստություն էր իջել փոթորկվող հոգուս: Ու թեև այն մոլորվել էր անորոշության մշուշում, ուղեղս հանգիստ էր, քանի որ այժմ համոզվել էր, որ սիրտս ճիշտ էր: Իսկ սիրտս ասում էր` սիրում եմ…












Առաջին հանդիպումից անցավ ուղիղ երկու ամիս: Մենք դեռ շարունակում էինք խոսել սոցկայքում, վիճում էինք, հետո գրկում իրար, հետո նա ասում էր, թե ինչքան հիմար է, ես էի ասում, թե ինչքան գիժ եմ: Բայց ոչ մի ուրիշ խոսակցություն ամենակարևոր բանի մասին: Ոչ իմ, ոչ էլ իհարկե նրա կողմից: Երբեմն բառերն այնքան ավելորդ են, այնքան անտեղի, նրանք կարող են մեկ ակնթարթում կործանել ժամանակի ու լռության համատեղ ջանքերի արդյունքում ստեղծված փոքրիկ ու անպաշտպան հրաշքը, որ կախված օդում սպասում է իր ճակատագրին, թեև չգիտի էլ, թե ինչ է ճակատագիրը: Կարծում էի, որ սա հենց այն դեպքն էր, երբ ամեն ինչ առանց խոսքերի էլ հասկանալի էր: Կամ զգայելի:


Այնքան եմ սիրում տեսնել գեղեցիկը: Երբ առավոտյան դասի եմ գնում ու տեսնում եմ ամպերի վիթխարի հզոր կույտեր, վարդագույն երկինք ու արթնացող արև: Կամ երեկոյան մայր մտնող արևին քնեցնող հանդարտ բնություն, որ կարծես ստիպում է ամենին լռել, չէ՞ որ արևն է քնում, որ մի ուրիշ տեղ զարթնի: Իսկ մարդկանց մեջ նույնպես կա գեղեցիկ: Ես այն տեսնում եմ ծեր մարդկանց աչքերում: Ու մանուկների առաջ մեկնած ձեռքերում: Բայց այս աշխարհում ամենագեղեցիկ բանը Էլիզայի ժպիտն էր, որ մի անգամ տեսա, բայց այնքան սիրեցի, հատկապես, երբ գիտեի, որ ես եմ այն արթնացրել, որ իմ պատճառով այն հենց նոր ծնվեց:


Էլիզան երևի կարծում էր, որ ես ոչինչ չէի զգում, որովհետև երբեք չէի արտահայտում այն, ինչ կար, այն, որից չէիր խուսափի, թեև չէիր էլ ուզում: Այդպես էր կարծում, մինչև մի անգամ, երբ ինձնից նեղացած էր, գրեցի նրան. «Ախր սիրում եմ քեզ, գժու′կ»: Մի մեծ վանդակում փակված թռչունների խումբ ազատվեց ու թևերի աղմկոտ թափահարումով դուրս թռավ այդ վանդակից: Նրանք ազատ էին: Ես էլ:


Նա ոչինչ չպատասխանեց: Ու դուրս եկավ կայքից:


Հաջորդ օրն էլ չեկավ: Ես էլ չէի զանգում: Ասել էի մի բան, որ առանց խոսքերի հասկանալի էր, անթաքույց: Մի՞թե նա չէր հասկացել, չէր զգացել: Մի՞թե նա ինքը նույն բանը չէր զգում: Չէ՞ որ ես առաջինը պիտի ասեի, իսկ նա ուղղակի ասեր` ես էլ:


Մեկ օր անց, երբ արդեն կարծես բթացել էր ամեն ինչ, էլ ոչ մի միտք չկար, մտա կայք ու տեսա հաղորդագրություն. «Սիրում եմ քեզ»: Աչքիս առջև եկավ երկար սպասված տեսարանը. ես գրկել եմ նրան, իսկ նա գլուխը դրել է ուսիս, աչքերը փակել ու քթի տակ ինչ-որ մեղեդի է երգում: Ես ուզում էի նրան պաշտպանել. պաշտպանել իմ իսկ սիրուց: Ու ասել, թե ինչքան շատ եմ սպասել այս պահին: Բայց միայն գրեցի.


-Վաղը հարմար ա՞ հանդիպենք:


-Հա, Կասկա՞դ:


-Լավ… Սիրում եմ քեզ շատ:


-Ես էլ: Ժամը 2-ին: Դասերից հետո:


-Կսպասեմ:










Ես սիրում էի նրան, սիրում էի այնպես, ինչպես սիրում ես մի բան, որ երկար փնտրել ես ու վերջապես գտել: Ու եթե նա այդքան խենթ չլիներ, երևի թե այդքան շատ չէի ցանկանա լինել նրա կողքին, գրկել, պաշտպանել: Մեր սիրո մեջ չկար ոչ մի պայմանականություն, միակ պայմանն իրար սիրելն ու կրկին սիրելն էր: Իսկ թե ինչու էր մեր սերը տխուր, ես հետո հասկացա… Այն հիվանդ էր…


Դժվար է խոսել սիրո մասին, երբ իրոք սիրում ես: Վախենում ես, որ եթե շատ խոսես նրա մասին, նա կհոգնի, թե շատ ասես, թե ինչքան երջանիկ ես, նա կգնա: Բայց երբ սիրում ես, ուզում ես ողջ աշխարհն իմանա այդ մասին, իմանա, որ գտել ես: Քեզ էլ գտել են: Մինչև Էլիզային հանդիպելը երբեք չէի պատկերացնի, որ հնարավոր է ընտանիքիդ չպատկանող որևէ մեկի համար պատրաստ լինել ամեն ինչի: Էլիզան պատկանում էր իմ սիրո աշխարհին, չէ′, նա այդ աշխարհի կենտրոնում էր, այդ աշխարհում կատարված աշխարհաշարժի էպիկենտրոնն էր: Երբ նա մրսում էր, ես նրան էի տալիս իմ բաճկոնը, ու նա տաքանում էր ու ինձ էլ տաքացնում բաճկոնից էլ ուժեղ: Երբ նա խենթություն էր անում, միանում էի նրան ու իմ սեփական սխալով հասկացնում նրան, թե ինչքան խենթ արարք էր արել, ինձ հետ: Իսկ նա մեղավոր ժպտում էր ու գրկում: Ու տաքացնում բաճկոնից էլ ուժեղ:


Մի անգամ, ծննդյանս օրվա հաջորդ օրը, ասաց, որ անակնկալ ունի ինձ համար: Գնացինք մի թունել, որի պատերը ծածկված էին տարբեր գրառումներով: Ինչպե՞ս էր հաջողացնում գտնել այսպիսի վայրեր… Թունելի ամենավերջում պատին ցույց տվեց մի մեծ սիրտ, որում մեր անուններն էին ու մեր ինտերնետային խոսակցություններից հատվածներ. խոսքեր, որ ես էի ասել, բայց երբեք չէի պատկերացնի, թե նա կարող է այդքան ճշգրտությամբ հիշել ամեն ինչ:


-Անգիր հիշում եմ քո ամեն մի ասած խոսք… Միայն քեզնից եմ ուզում լսել ամենակարևոր խոսքերը, հեռախոսիս միայն քեզնից եմ սպասում զանգերի, հաղորդագրությունների: Եթե խնդրես փախչել քեզ հետ, առանց վայրկան անգամ մտածելու կփախչեմ, թեև գիտեմ, որ այդպիսի բան չես ասի: «Սիրում եմ քեզ» բառերն այնքան թույլ են արտահայտելու քո հանդեպ զգացածս: Դու ինձ եղար եղբայր, հայր, ընկեր, սիրելի էակ, դու եղար մի փոքրիկ մոլորակ, ուր միշտ կարող եմ փախչել ու երջանիկ լինել: Խենթ եմ չէ՞…






Չգիտեմ, թե որն է երջանկությունը. երբ մի պահ կանգ ես առնում ու մտածում. «Աստված իմ, ես երջանիկ եմ», թե՞ երբ չես նկատում ներկա երջանկությունդ ու միայն հետո վերհիշելուց ես հասկանում, որ երջանիկ էիր: Ես վախենում էի իմ երջանկությունից, մի՞թե այն թվացյալ էր: Միգուցե երջանկանալու ոչ մի առիթ էլ չկար: Ես էի հորինել ու աչքերս ու ականջներս փակ ապրում էի: Իսկ Էլիզա՞ն… Նա է՞լ էր հորինել այդ աշխարհը և ինձ ու իրեն փակել այդտեղ: Բայց փաստն այն էր, որ մի պահ կանգ առա ու մտածեցի. «Երջանիկ եմ…»


Չէի հավատում Աստծո գոյությանը: Մի անգամ, մարտյան մի ցուրտ օր, երբ նստած էինք այգում, Էլիզան հարցրեց, թե ինչու չեմ հավատում Աստծո գոյությանը: Պատասխանեցի.


-Չեմ ուզում, որ որևէ մեկը կառավարի կյանքս:


-Գիտե՞ս` ես էլ չէի հավատում ու երդվել էի, որ երբ հրաշք տեսնեմ, կհավատամ: Հիմա հավատում եմ:


-Այդ ինչպե՞ս:


-Քեզ եմ հանդիպել…






Սիրուց չես կարող փախչել: Ես դա գիտեի: Փորձով ապացուցվեց: Իսկ երբեմն այնքան անհրաժեշտ է լինում փախչել հենց սիրածդ էակին փրկելու համար: Փրկելու քեզնից, քո եսասիրությունից, երջանկատենչությունից, երջանկաորսից…


Երբ իմացա, որ պետք է փախչել, ընտրության առջև էի կանգնել. ապրել կարճատև երջանկություն, հետո ցավ պատճառել, կամ թե ցավ պատճառելով հեռանալ` երջանկության ռեգեներացիայի ակնկալիքով: Իսկ ես ընտրեցի երջանկությունը` թքած ունենալով դրա ռեգեներացիայի վրա: Արդեն երջանկության մասին մտածելիս միտքս էր գալիս, որ էլ դրանից չեմ ունենալու, որ կարծես անապատում մոլորվածի պես պիտի մինչև վերջին կաթիլն ըմպեմ էլ ավելի այրող ջուրը: Ու թեև ջուրն այդ արյող ինձ փրկություն էր, բայց ես այն խմում էի: Հիվանդանում էի:


Իսկ երբ հեռանալս արդեն շատ մոտ էր, այնպես ցավեցրի նրան, այնպես ուժգին, այնպես հիվանդագին: Պարզապես հեռացա: Ու միայն ես գիտեի, թե ուր և ինչու: Իսկ նա մնաց ցուրտ այգում, միայնակ, անօգնական, դողացող ձեռքերով ու դողացող ներքևի շրթունքով: Աչքից հոսեց մի կաթիլ աղի արցունք, դողացող ձեռքը անօգուտ շարժում արեց բարձրանալու և սրբելու այն, իսկ արցունքոտ շրթունքները շշնջացին. «Ինչու՞…»






«Հուսահատությունն այնքան տարօրինակ զգացում է. տարօրինակ է, որ դրանից հետո կենդանի են մնում: Իսկ մի՞թե «դրանից հետո» լինում է… Արդեն չեմ հավատում դրան: Հուսահատություն, տառապանք, լաց, խավար, սառը քրտնքից խոնավ անկողին, անքնություն ու մի կտոր հավատ: Հիվանդ սեր, որ բուժում է մի ժամով, հետո ավելի խոցում ու լքում մի քանի ամսով: Ժպիտ, որ առանց հրավերի հայտնվում է դեմքին ներկայության ժամանակ ու չես էլ մտածում, թե այդ ինչպես եղավ, որ այդքան երկար բացակայությունից հետո հայտնվեց շրթունքներիդ: Հետո կարոտ այդ նույն ժպիտին, որ կարծես ծաղրեց ու գնաց: Հավատ ճակատագրի նկատմամբ, ատելություն, համակերպվածություն, պատիժ այն բանից հետո, երբ փորձում ես չհավատալ նրա ուժին ու պայքարել: Ասում է`հանգստացիր, այստեղ ես եմ որոշումներ կայացնում: Ու ոչ մի «ես», ոչ մի սեփական «ես», միայն «նա» կամ «դու»… Հիվանդ սեր, հիվանդացնող, սպանող, վերակենդանացնող, բնազդ, գրկախառնություն, խոր հոգոց, միայնություն, արցունք, վառող արցունք… Հոգեկան ցավ, որ արթնացնում է ֆիզիկականը, հոգնած մարմին, փոսեր աչքերի տակ, դողացող ձեռքեր, սառած ոտքեր, սառած պատեր, սառած հատակ, ռադիո, հոսանք… Միայնություն, ներկայություն, անիրական ներկայություն, խոսակցություն, ժպիտ, շիզոֆրենիա… խղճահարություն, տխրություն, բացակայություն ամեն ինչի, ներկայություն ոչնչի, սիրված ոչնչի… ուղեղ, հիշողություն, ժպիտ, լաց, ժպիտ, ծիծաղ, գոռոց, սառած պատեր, ցավող ձեռքեր, արյունոտ ձեռքեր… ապրող բացակայություն, հեռու ներկայություն… հիվանդ սեր… լռություն…»


Սա այն էր, ինչ նա էր ապրում: Իսկ թե ինչ էի ապրում ես, նա չգիտեր: Այնտեղ` այդ ցուրտ, մութ, խոնավ վայրում նրա համար տեղ չկար: Հոգիս համահունչ էր միջավայրին: Նա հիվանդ էր ու դողէրոցքում անգամ շշնջում էր. «Եսասեր, եսամոլ…»: Բայց միշտ չէ, որ հիվանդությունն անբուժելի է լինում: Այն երբեմն գալիս է զգուշացնելու, որ մյուս անգամ անձրևի տակ թրջվելիս հիշես, որ կարող ես կորցնել, զրկվել, ընդամենը մի քանի րոպե երջանկության համար կործանել ու կործանվել:






Երբ թրջվում ես անձրևի տակ, գիտես, որ հիվանդանալու ես, բայց միևնույն է` շարունակում ես խելահեղ պարել ու վայելել ամեն կաթիլը: Այդ ամեն կաթիլը պատճառ է հանդիսանում, որ հետո դողէրոցքով պառկես անկողնում ու երազես արևի գեթ մի ճառագայթի մասին: Բայց հետո հիշում ես, թե ինչ երջանիկ էիր այդ անձրևի հետ ու մտածում ես, որ արժեր օրերով հիվանդ պառկել թեկուզ այն քսան րոպեների համար, որ երջանկացրել են քեզ:









Հետո, տասնութ հազար ժամ անց, ես բուժվեցի:

Share:

0 մեկնաբանություն