Ցտեսություն, սե՜ր

Երբևէ զգացե՞լ եք տղամարդու հոտը: Այն միակի հոտը, որը նման չէ ոչ մեկին: Երբ նա տեղաշարժվում է, և նրա հոտի մոլեկուլները ցնցում են օդն ու անցնելով քթիդ միջով հասնում ուղեղիդ ու ազդում թունդ կոնյակից էլ ուժեղ: Այդ պահին զգում ես, որ բնազդներդ արթնանում են, ալիքներով անցնում մարմնովդ, ուզում ես դիպչել նրան սկզբից նուրբ, ապա կատաղի, եղունգներդ մխրճել նրա թիկունքի մեջ ու հետքդ թողնել նրա վրա: Նա կրկին շարժվում է, և կրկին զգում ես նրա հոտը:
Քեզ թվում է, թե հարբել ես ալկոհոլի մեծ չափաբաժնից, բայց ուղեղդ ազդանշան է ուղարկում, որ դա բնավ էլ ակլոհոլը չէ: Նա քեզ է ուղղում իր աչքերը՝ կանաչ, խորը, իսկ դու մոռանում ես, թե ինչու է նայում քեզ: Նա մատներով դիպչում է բաց պարանոցիդ, դրանցով պար կապում մաշկիդ, զգում ես, թե ինչպես են իր մեծ ձեռքերը հնազանդեցնում անհանգիստ մարմինդ, սանձում կրքերդ, արթնացնում բնազդներդ ու խաղում դրանց հետ, ինչպես հմուտ երաժիշտն է անխռով նվագում իր ջութակի լարերի վրա: Դու նրա ջութակն ես: Դու տղամարդու ջութակն ես, և դա քեզ ձեռք է տալիս: Չէ՞ որ կինը ստեղծված է, որպեսզի այն միակը նվագի իր լարերի վրա, մեկ նուրբ փայփայի, մեկ վայրագ հոշոտի: Չէ՞ որ դու նրա ջութակն ես՝ հնազանդ, ինչպես ամուր փայտը, կրքոտ, ինչպես իր նվագած մեղեդին: Նա կարող է քեզ հետ անել ամենն, ինչ ուզում է, քանի որ դու հարբել ես նրա հոտից, և ուղեղդ ազդանշան է ուղարկել, որ էլ ոչ մի ազդանշան չի ուղարկելու: Ահ, ի՜նչ թեթևություն է, երբ ուղեղդ հրաժարվում է քեզնից: Ի՜նչ ազատություն է լցվում թոքերդ, ի՜նչ երջանկությամբ ես սլանում այնտեղ, որտեղ կանչում է նրա հոտը: Կան բաներ, որոնք սիրուց կարևոր են: Հա, հա, ճիշտ եմ ասում: Դա տղամարդու հոտն է, այն միակի, ում չես կարող վիրավորել «ես քեզ սիրում եմ» բառերով:

Tags:

Share:

1 մեկնաբանություն