Չորս եղանակ

Երբ ծագում է արևը, գիտես, որ գալու է երեկո, ու նա գնալու է, բայց միևնույն է` փակում ես աչքերդ, զգում նրա ջերմությունը, սկզբից հաճելի, հետո այրող, ժպտում ես, խոսում նրա հետ, հետո աչքերդ բացում ես ու ոչինչ չես տեսնում: Ուզում ես տեսնել, թե ինչ կա առջևում, բայց միայն վառ լույս ես տեսնում, թեև գիտես, որ առջևում ամենևին էլ վառ լույս չէ: Փորձում ես նորից նայել արևին, բայց արդեն չես կարողանում: Ինչ էլ լինի` ես սիրում եմ արևը: Սիրում եմ նրա ներկայությունը, նրա ուժը, նրա պարգևած ջերմությունն ու հույսը: Ու այրող վառ լույսն առջևում:



Անցել է քառասուն ինը ժամ: Սիրտս բաբախում է, միտքս` աշխատում: Դեռ ոչինչ չեմ զգում. չեմ հասկանում, թե ինչ կատարվեց: Ձեռքերս այնքան սառն են, չնայած ամռանը շոգ եղանակ է լինում: Ինչ-որ սպասում կա, ինչ-որ բան պիտի լինի: Ես պիտի իմանամ, թե ուր… թե ուր տարան նրան:


Գաբրիել… Որտե՞ղ փնտրեմ քեզ… «Ամբողջ գիշեր կխոսես, չէ՞… Չես գնա, չէ՞…» Դու ինձ խոսք տվեցիր մնալ ինձ հետ մի քանի ժամ, ես խոստանում եմ սպասել քեզ հազարավոր ժամեր… Այսօր երդում տալու օր է: Թեկուզ ինքս ինձ: Այսօրը միայն ծնողն է այնքան տարբեր զգացումների, որ սպասում են ինձ, որոնց ինքս եմ ինձ կամավոր հանձնելու: Ես պարզում եմ ձեռքերս ու զգում եմ, որ ազնիվ եմ, որ իսկապես սիրում եմ, որ մի կարևոր բան եմ անում հանուն մեր, մե՛ր սիրո: Այսօրը մեզ բաժանել է ֆիզիկապես, այսօրվանից օրերը հեռացնելու են հոգեպես: Այսօրը սերմ ցանեց, վաղվա հողը ծնունդ է տալու Կարոտին: Կարոտը ծնունդ է տալու Հավատքին, Հավատքը` Ուժին, Ուժը` Կարողությանը: Սպասելու ու հավատալու կարողությամբ կհաղթենք այդ հազարավոր ժամերի ու կիլոմետրերի դաժան դաշինքը:


Ամեն առավոտ արևը ծագում էր բոլորի համար, բայց երևի քչերի համար էր այն այնքան սպասված, որքան իմ: Հունիսին լուսինը դեռ փոքր էր, իսկ ես սիրում եմ նրա միայն լիալուսին տարբերակը: Երբ անմեղորեն փոքր էի, մայրիկս մի անգամ գրկեց ու ասաց. «Այսօր լիալուսին է, իսկ գիտե՞ս, որ երբ նայում ես նրան ու խնդրում կատարել երազանքդ, նա անպայման լսում է քեզ ու եթե քեզ խելոք ես պահում, անպայման օգնում է քեզ»: Հավատում էի: Երևի թե այդքան հավատալուս շնորհիվ էր, որ մանկական անմեղությամբ լի երազանքներս իրականանում էին: Հունիսին լուսինը դեռ փոքր էր, իսկ ես սպասում էի լիալուսնին, որ պատմեմ մեծական, բայց դեռ այնքան անմեղ ու գեղեցիկ երազանքիս մասին: Ուզում էի խնդրել, որ ընդամենը մի քանի հազար ժամով կանգնեցներ կյանքս, որ մի քանի հազար ժամանոց քուն պարգևեր, ու երբ արթնանայի, նա լիներ կողքիս, ասեր. «Վեր կաց, խենթուկ, ես եկել եմ, հիմա էլ ոչ մի տեղ չեմ գնա, չէ՞ որ խոսք էի տվել…»: Բայց հունիսին լիալուսինը ուրիշների երազանքներն է իրականացնում, իսկ ես պետք է սպասեի: Իսկ երբ սպասեցի, և նա եկավ, շատ բան էր փոխվել: Կիսալուսին մանչուկը, ինձնից փոքր ու միամիտ, ինձ դաս էր տվել: Մի անգամ նա ասաց. «Իսկ ինչու՞ ես ցանկանում կանգնեցնել կյանքդ, մի՞թե այդ ժամանակը քեզ պետք չէ: Մի՞թե անելու բան չունես և ուզում ես զուր վատնել ցանկությունդ: Պատկերացրու` ինչքան բան ունես զգալու, ապրելու, իսկ դու ցանկանում ես բաց թողնել այդ ամենը»:


Երբեմն պարզապես անհրաժեշտ է լսել փոքրերին, նրանց շուրթերից մինչ այդ չհասկացված ճշմարտությունն է բացականչում, իսկ մենք, մեծերս, կարծում ենք, թե ամենախելացին ենք և դեռ խելք ենք սովորեցնում մեծերի կյանք նոր մտնող փոքրերին: Մինչդեռ մենք ինքներս ենք մոլորվել այդքան շատ բան տեսնելով ու չհասկանալով, զգալով, բայց անկարող լինելով արտահայտվել, մտածելով ու ելք չգտնելով, փախչելով ու հետ գալով, քննադատելով ու վախենալով քննադատվել: Ինքներս ենք մոլորվել մեծերի անհասկանալի աշխարհում`փոքրիկներից էլ փոքր լինելով:


Երբ լիալուսինը եկավ, ես գրկեցի նրան ու շշնջացի. «Ինձ ուժ տուր, խնդրու՛մ եմ»:












Անցել է չորս հազար ժամ: Նոյեմբերին արևը չի ջերմացնում: Նոյեմբերին սեր դեռ կա: Այն հասունացել է, ձևավորվել, լրջացել: Այն արդեն սովորեցնում է: Ամեն ինչ ընկել է հունի մեջ: Շնչում եմ աշնանային ձայները, տեսնում աշնանագույն տրամադրություններ, իսկ արևը, թեև ամեն առավոտ ուղեկցում է ինձ դասի, էլ չի ջերմացնում: Միայն հուշում է իր գոյության մասին և այն մասին, որ դեռ շարունակում եմ հետևել նրան, թեև թվում է, թե նա է ինձ ուղեկցում: Հիմար միտք: Այնքան մեծամիտ:


Հայտնվում են նոր բառեր, նոր ձայներ, նոր հայացքներ: Զանգին սպասող օրեր, պարեր ամեն խոսակցությունից հետո և ուրիշների սիրո մասին գրքերում ընդգծված նախադասություններ: Իմ սերը միայն իմն է: Այն իմ աշխարհն է, որտեղ ոչ ոք չի կարող ներթափանցել: Դռները բաց են երևում, ամեն ինչ շատ կանխատեսելի ու սովորական է թվում, բայց միայն ես գիտեմ, թե ինչ կա այնտեղ: Շատերն են մտնում ու դուրս գալիս, շատերն են ներս հրավիրվում ու դուրս շպրտվում, բայց միայն մեկն է գրավել աշխարհս ու ստեղծել աշխարհ աշխարհում, սիրո աշխարհ` սեր փնտրող աշխարհում:


Շուրջբոլորն աշուն է: Մարդիկ տխրում են, սպասում անձրևի, սիրո մասին գրքերում ընդգծված նախադասությունների անձնականացման: Իսկ ես պարզապես սիրում եմ: Սիրում եմ հիշելով, ժպտալով, մտովի գրկելով ու զգալով ձևավորվող տղամարդու ջերմությունը, սիրող հոգատարությունը, զգալով մեկի ձեռքերում պաշտպանված փոքրիկություն լինելը: Սիրում եմ սիրված լինելը, սիրում եմ ուժեղ լինելս: Սիրում եմ ինքս ինձ: Սերը ես եմ:


Անցել է ինը հազար ժամ: Ուղիղ կեսը: Զգացել եմ ընդամենը հինգ հարյուր ժամ միասին լինել: Համբուրել եմ նրա ձեռքերը, սեղմվել կրծքին ու ծիծաղել: Իսկ նա համբուրել է գլուխս ու խորը հոգոց հանել: Հետո այդ հինգ հարյուր ժամով միասին ենք եղել: Ուսումնասիրել իրար, նկատել փոփոխություններ, հիշել, համեմատել: Միասին ժպտացել: Սերը մենք ենք:


Ճանապարհի ուղիղ կեսին փորձեցինք ամեն ինչ կրկին ապրել: Գնացինք մեր առաջին հանդիպման վայրը, այն բոլոր տեղերը, որտեղ երբևէ եղել ենք, դիտեցինք արդեն մոռացված, բայց ժամանակին բավականին հայտնի ֆիլմը, հիշեցինք փոքրիկ վեճերի ու ճակատագրական թվացող կռիվների առիթները, կրկին սիրահարվեցինք ու սիրեցինք նորից: Թեկուզ այդ ամենի համար արժեր մոռանալ տասնութ հազար ժամանոց քնի մասին: Ես չէի տեսնի նրան փոխված, հասունացած: Չէի լսի նրա մտքերն աչքերում ու չէի տեսնի նրա արտասանած բառերը, չէի վերսիրի նախադասություններ կազմելու նրա սեփական ձևն ու չէի վերլսի նրա ձայնը հենց նոր համբուրված շրթունքներից: Իսկ բաժանման պահին այդքան ինձ չէի զսպի մինչև վերջին վայրկյանն, որ չարտասվեմ ու չվազեմ հեռացող ավտոմեքենայի հետևից, որ հեռացնում էր նրան ինձնից, իմ ջերմությունից, իմ վերագտած երջանկության ներկայությամբ բաբախող սրտիցս:








Ու ամեն ինչ նորից: Հունիսին արևը ջերմացնում է ձեռքերս, այտերս, կոպերս, ստիպում աչքերիս փակվել ու մտովի սավառնել պտտվող լույսերի քաոսում: Հունիսին մարդիկ բռնվում են ամեն հնարավորությունից` ֆիզիկապես մենակ չլինելու համար. վառ լույսի տակ մենակությունն ավելի լավ է երևում: Հունիսին ծնվում են ուրախ երգեր, պարում է հոգիդ, կանչում խենթություններ անելու: Հայտնվում են նոր ընկերներ, նոր, նոր մտահղացումներ: Հունիսին ինքդ ես արևին քնելու պառկեցնում ու շարունակում աչքերդ փակ ինքդ քեզ հավատացնել, որ հունիսը խենթությունների ժամանակ է: Ինձ համար հունիսը մյուս բոլոր ամիսների նման ամիս է, միայն թե հիմա շոգելով եմ կարոտելու: Հիմա սիրելով եմ շոգելու ու շատ նոր զգացումներ եմ ունենալու: Ես արդեն մեծ եմ իմ սիրո մեջ:








Անցել է տասներկու հազար ժամ: Այս ձմռանն ամեն ինձ շատ սպիտակ է. նոր եկած ձյունը, կեսօրի վառ լույսը, ձյան ճերմակությունից սպիտակած երկինքը: Արև չկա: Ամենն այնքան սպիտակ է, որ անգամ սկսում եմ ամաչել: Չգիտեմ թե ինչու, բայց հոգիս համընթաց չի ձմռան սպիտակությանն: Հոգիս համընթաց չի ձմռան ցրտին: Մարմինս տաքություն է տենչում, մարդկային տաքություն, սիրած էակի տված ջերմության է սպասում մարմինս, որին ավելին մրսեցնել չեն կարող ոչ ձմռան օդը, ոչ սենյակի դատարկությունը, ոչ էլ մարդկանց սառը հայացքները: Ատում եմ մարդկանց: Ատում եմ, երբ ծիծաղում են, ուրախանում, գրկում իրար, ատում եմ երջանիկ զույգերին, որ համբուրվում են ամեն պատահած անկյունում: Ինչու՞ պիտի նրանք այդքան երջանիկ լինեն, իսկ ես մրսեմ ու երազեմ նրա ձայնը լսելու մասին: Նրանց հոգիներում չկա այն սերը, որ պետք է լինի: Նրանք չպետք է ինձնից երջանիկ լինեն: Սերը ես էի, իսկ նրանք անողոքաբար օգտագործում են ինձ, ոտնահար անում, թքում ինձ վրա, այլասերում, կեղտոտում: Նրանք իրավունք չունեն ինձնից երջանիկ լինել: Սերը ես եմ. նրանք երջանիկ են, իսկ ես մրսում եմ: Կարոտում եմ այնքան հիվանդագին: Կարոտում եմ ինքս ինձ, երբ գիտեի, որ ամեն ինչ լավ է: Իսկ հիմա այս մղձավանջային իրականության մեջ, ձյան սպիտակության մեջ տանջվում եմ, որովհետև իմ սերն արդեն բավական չէ կյանք տալու համար: Դուրս եմ գալիս տնից, առանց վերարկուի, բոկոտն. ուզում եմ մոտ լինել բնությանը: Աստվա՛ծ իմ, այս ինչքա՞ն սառն է ձյունը: Հետո աստիճանաբար ոտքերս ընտելանում են գետնի սառցային մակերևույթին. ոչինչ չեմ զգում: Ձյունը լուսավորվել է փողոցային դեղնավուն լույսերից, օդում մանր փաթիլներ են երևում: Ահա և լուսինը: Ոչ լիալուսին է, ոչ էլ կիսալուսին: Ուշադրություն չեմ դարձնում: Քայլում եմ, քայլում, քայլու˜մ: Ոտքերս արդեն քարացել են, անզգայացել: Այլևս անկարող եմ քայլել: Վայր եմ ընկնում գետնին: Աչքերից հոսում են երկու արցունք, աչքերս լցվում են ծակող սառնությամբ, իսկ ես շարունակում եմ անձայն արտասվել: Ձեռքերս նույնպես անզգայացել են, չեմ կարողանում սրբել դեմքս, որպեսզի արցունքներս չքարանան այտերիս: Հանկարծ չգիտեմ որտեղից մի անտուն շուն է հայտնվում: Երևի նրանից ավելի խղճուկ տեսք ունեմ այժմ: Նա հարազատաբար նայում է ինձ, անգամ զգում եմ, որ այս անտուն սոված ու մրսած կենդանին խղճում է գետնին ընկածիս: Նա մոտենում է ինձ, կլվնձում ու լիզում ոչինչ չզգացող ձեռքերս: Տեսնելով, որ ոչ մի արձագանք չեմ տալիս, կծկվում է, փոքրիկ գլուխը դնում ոտքերիս ու խորը հոգոց հանում:


Ու միայն շան պատճառով վեր կացա ու գնացի, քանի որ եթե ավելի շատ մնայի, հաստատ մենակ տուն չէի գնալու, շանն էլ հետս էի տանելու:


Տաք ջուրը հոսում էր սառած մարմնովս, սառած սրտովս ու կյանքի էր կոչում մարմնիս մեռած անդամները: Ինձ պարզապես անհրաժեշտ էր սառեցնել բոլոր վատ մտքերն ու զգացումները, մոռանալ դրանց կործանարար գոյության մասին ու վերադառնալ ժամերը հաշվելուն: Հատկապես հիմա, երբ այդքան քիչ էր մնացել, նոր տարին էլ մոտենում էր:







Այնքան եմ սիրում գարունը: Գարունն իր բոլոր դրսևորումներով: Վերջին գարունն է իմ կյանքում, որ առանց նրա եմ անցկացնում: Ու թող մեծամտորեն հնչի, բայց գիտեմ, որ միշտ միասին ենք լինելու: Իսկական մաքուր սերը, այդքան սպասված, կարոտած ու տառապած, չի կարող մահանալ, կորչել, մարել: Երկրորդ անգամ չեմ սպանի իմ սերը, երբե՛ք: Այնքան եմ սիրում նրան, Աստվա՛ծ իմ, այնքա˜ն… Մինչև վերջին շունչս եմ սիրում, երկրպագում եմ ինձ փրկողին, ինքնամոռաց ու եսամոռաց: Գարնանը բոլորս ենք սպասում, գարնան հետ բոլորս ենք սպասում: Սպասում ենք բարի ու գեղեցիկ փոփոխությունների: Գարնանը սիրահարվում են, համբուրվում, գրկում, ձեռքերը բռնած զբոսնում, գարնանը ծնվում են նոր մարդիկ: Գարնանը կյանքը նորից ենք սկսում:









Անցել է տասնյոթ հազար ժամ: Հաշվում եմ ոչ թե ժամերը, այլ րոպեները: Սիրտս է հաշվում: Պատրաստվում եմ հոգու ու սրտի տոնի: Անհանգիստ եմ, բայց և ուրախ ու ժպտերես: Ուզում եմ անել այն ամենը, ինչ չեմ հասցրել: Օգնում եմ մյուսներին, կարդում եմ չկարդացած գրքեր, իսկ առավոտներն արթնանում եմ վաղ, ողջունում եմ արևին ու հիանում նրա կուրացնող գեղեցկությամբ: Նա շարունակում է ինձ ուղեկցել ուր էլ գնամ. երևի հետևում է, որ ինձ հետ ամեն ինչ լավ լինի: Այնքան քիչ է մնացել: Բայց ես հիշում եմ ամեն օրս առանց նրա, հիշում եմ գեղեցիկ պահերը, պարերը ամեն խոսակցությունից հետո, ամեն արցունքս ու ամեն ժպիտս: Ես հիշում եմ, որ սիրել եմ հեռվից, սիրվել կրկնակի, մտքումս ապրել ու ապրել երջանիկ, մտքումս մի ամբողջ կյանք եմ ապրել, իսկ այժմ արդեն իրականում եմ զգալու այն ամենը, ինչ ամեն օր պլանավորում էի այնտեղ` մտքում: Ես պատրաստ եմ տրվելու կյանքի անսպասելիությանը, իրականում հաղթահարելու կյանքի պատրաստած, բայց չպլանավորված դժվարություններին: Ես սիրում եմ…

Share:

0 մեկնաբանություն