Պարզապես գարունը եկավ, բայց այդպես էլ չսկսեց

Գարունը եկավ, բայց այն այդպես էլ չսկսեց: Եվ մեղավոր չենք ոչ ես, ոչ դու: Պարզապես այդպես ստացվեց: Պարզապես մենք այնքան տարվեցինք մեղավորներ փնտրելով, որ չնկատեցինք, թե ինչպես եղանակների շրջապտույտում կորցրեցինք միմյանց: Մենք դուրս շպրտվեցինք բոլոր հնարավոր պտույտներից և այժմ պտտվում ենք մեր սեփական տիեզերքներում, որ այլևս երբեք չեն զուգահեռվի, էլ ուր մնաց հատվեն ու խաչվեն:
Կյանքն է ստիպում տիեզերանալ ու մանրանալ այնքան, որ զուգահեռ պտտվելն անգամ անիմաստ է դառնում: Մենք կորցնում ենք հավատը, մեծանում սեփական գոռոզության ու եսասիրության մեջ և ի վերջո մնում ձեռնունայն մեր հորինած իրականության մեջ: Իսկ իրականությունն այն է, որ մեր հորինածից և ոչինչ իրական չէ: Այդ մենք էլ ենք գիտակցում, բայց փառասիրությունը փոշի է արել մեր աչքերն ու չի թողնում, որ հոսող արցունքները բացեն ճշմարտության պատկերը: Բանն այն է, որ ճշմարտությունն այնքան է խորշել մեզնից, որ աղավաղվել է զանազան տարբերակներով, որոնցով մենք ինքներս մեզ հույս ենք տալիս, թե ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք ուժեղ ենք ձևանում, նպատակներ գտնում, անգամ ցանկություններ, բայց պակասում ենք միմյանց կյանքում միմյանց սատարելու և պարզապես հավատալու համար: Մենք կորցրել ենք հավատն ու մեծացել սեփական անհավատության ու մեծամտության մեջ: Մենք կոտրվել ենք միմյանցից հեռու, թեև միմյանց կողքին արդեն խազված էինք: Մենք մոլորվել ենք միմյանցից հեռու, թեև միմյանց կողքին նույնքան մոլորյալ էինք: Այդպես է կյանքը. այն բաժանում է մարդկանց, ովքեր չեն տիրապետում գնահատելու արվեստին: Այն մի մեծ սպի է թողնում մարդկանց վրա, մի անսահման մեծ խաչ, որ կրում ենք մեզ վրա և կեսճամփին տապալվում դրա ծանրությունից: Այդպես է կյանքը:

Tags:

Share:

0 մեկնաբանություն