Ես քեզ բավականաչափ չսիրած, որպեսզի չկարոտած ու չմտածած

Ես ընդամենը մի զգեստ ունեմ: Այն այնքան կիպ է գրկում մարմինս, որ թվում է՝ կխեղդվեմ: Բայց այն իմ միակ զգեստն է, որից ազատվել չի լինում: Ես բավարար հնարավորություն չունեմ նոր հագուստներ ձեռք բերելու համար, քանի որ զրկել եմ ինձ կանացի այդ փոքրիկ ուրախությունից: Իմ զգեստը կոչվում է կարոտ…

Երբեմն, երբ անքնությունը կրկին այցելում է միայնակ գիշերներիս, հիշում եմ դիմագծերդ: Ինչու՞ են ասում, որ սիրելի մարդկանց գեղեցիկ ենք տեսնում: Ես քեզ միանշանակ սիրում էի, բայց գիտեի, որ գեղեցկությամբ առանձնապես չես փայլում: Բայց ես սիրում էի տգեղությունդ, անգամ ներքին, հիմնականում ներքին: 


Հիշում եմ՝ ինչպես էինք փախչում քաղաքից հեռու, նայում երկար ճանապարհներին, միմյանցից հավասար հեռու ծառերին, որ Մորզեի այբուբենի պես մեր դեմքին էին գծում արևի ջերմությունը: Այն անհոգությունն այլևս չեմ ունենա. ամեն ինչ փոխվել է: Չէ, տխուր չեմ, պարզապես նոստալգիան չար կատակ է խաղում: Սարերի հովին, բնության գրկում մենք ավելի մոտ էինք միմյանց, և թվում էր, թե ոչինչ չի բաժանելու մեզ: Ո՞վ կմտածեր, որ մենք ինքներս մեզ կբաժանենք:

Քո սիրահարված աչքերում ես տեսնում էի այն, ինչ փնտրել էի երկար-երկար: Իսկ երբ ձեռքս ամուր սեղմում էիր, ինձ այնքան պաշտպանված էի զգում: Ցավոք, ամեն ինչ թվացյալ էր. մեր սիրո ավազե դղյակները չդիմացան առաջին իսկ քամու հայհոյանքներին և փլուզվեցին՝ մեզ իրենց փոշոտ ծանրության տակ թողնելով: 

Փակված գրքերն էլ չեն բացում, ուր մնաց թե կարդան: Այդ դեպքում ինչու՞ եմ փնտրում քո հատորը, գազազած թափթփում բոլոր գրքերը, ապա հոգնած ծնկի գալիս ու գլուխս առնում ափերիս մեջ, ինչու՞ չեմ խաղաղվում, ես քեզ ասելիք, գրկելիք ու համբուրելիք չունեմ, ես քեզ այլևս սիրելիք բնավ չունեմ, ես զայրացած եմ քեզ վրա, խռոված եմ, մոռացած եմ: Ես քեզ բավականաչափ սիրած ու ատած, քեզնից բավականաչափ զզված ու հոգնած, սպասած ու չտեսած, հուսացած ու չհասած, ես քեզնով բավականաչափ ապրած ու մահացած, քեզնից հետո բավականաչափ կործանված ու վերածնված, շրջաններում ապրած, վանդակներում փակված, երկինքներում խեղդված, գիշերներում կորած, ցերեկներում խելագարված, ես քեզ բավականաչափ կարոտած ու չտեսած, չլսած, չ… չ… չ…



Ես քեզ բավականաչափ չսիրած, որպեսզի չկարոտած ու չմտածած:

Tags:

Share:

0 մեկնաբանություն