Անհարմար կոշիկների մասին


Մարդիկ նման են կոշիկների. 

Ոմանք այնքան գեղեցիկ ու թանկարժեք են, որ, անգամ իմանալով, թե որքան անտանելի է լինելու նրանց հետ, չես կարողանում հրաժարվել նրանցից:

Ոմանք պարզ են ու հարմարավետ, բայց նախատեսված չեն հատուկ առիթների համար:

Ոմանք զարմացնում են իրենց հասանելիությամբ, բայց ժամանակի ընթացքում համոզվում ես, որ թանկից էժանը չկա:

Ոմանց էլ միշտ պահում ես հեռու դարակներում` մտածելով, որ օրերից մի օր նրանց հերթն էլ կգա, և նրանք էլ պետք կգան: Պահեստային կոշիկներ: 

Բայց եթե բախտդ բերում է, հանդիպում ես այնպիսի կոշիկների, որոնք և գեղեցիկ են, և հարմար, և հենց իրենք են այն հատուկ առիթը, երբ կարող ես վայելել իրենց հետ անցկացրած ամեն պահը:

Կմտածեք` ի՜նչ գռեհիկ է մարդկանց համեմատել կոշիկների հետ: Գուցե, չեմ հերքում :)

Իմ կոշիկները գեղեցիկ են, կոկիկ, ունեն իմ սիրելի ձևն ու գույնը և նրանցով շատ հարմար է… նստել: Երևի հատուկ տաղանդ է պահանջվում ամեն անգամ ընտրել այնպիսի կոշիկներ, որոնք հետո ստիպելու են հազարամյա ցավը դեմքին քայլել մեր սիրելի քաղաքով և անիծել այն օրը, երբ սիրահարված գնել ես դրանք: Մտքումդ արդեն պլանավորում ես, որ տուն հասնելուն պես դրանք ինտերնետով հանելու ես վաճառքի` ոչ մի դեպքում չբացահայտելով վաճառելու իրական պատճառը: Բայց ինչ-որ մոգական ուժով հաջորդ անգամ էլի կրում ես դրանք` հույս ունենալով, որ այս անգամ ամեն ինչ լավ կլինի. ես ու կոշիկներս անպայման կհասկանանք իրար: 

Ասում են` կոշիկների վրա պետք չի խնայել, քանի որ դրանք են կերպարի ամենակարևոր մասը: Համաձայն եմ: Բայց երբ հնարավորություն չունես կրել Վալենտինոյի կամ Մանոլո Բլանիկի կոշիկները, ստիպված վերցնում ես միջին աշխատավարձդ և ուղևորվում Դալմա կամ Երևան մոլ: Դա լավագույն դեպքում :) 

Հարաբերություններում նույնպես այդպես է: Կողակիցը պետք է լինի առավելագույնս կատարյալ: Բայց եթե կոշիկների դեպքում մենք կամ կարող ենք դրանք գնել կամ ոչ, կյանքում յուրաքանչյուրս էլ կարող ենք հավակնել մեզ համար իդեալական կողակցի: Սակայն ինչպես կոշիկների դեպքում, այստեղ էլ պետք չէ ակնկալել, որ այն միակն ու անկրկնելին մեզ բաժին կհասնի հենց այնպես: 

Ես համառորեն պնդում եմ, որ մարդու ամենասեքսուալ գիծը նրա ինքնավստությունն է: Իսկ եթե ինքնավստահ լինելու համար բավարար արդարացի պայմաններ չկան, պետք է աշխատել սեփական անձի վրա` ինքնակատարելագործվել, դառնալ ավելի խելացի կամ գեղեցիկ, փոխել շրջապատը, եթե այն բարձրացնելու փոխարեն քեզ ստիպում է ցածրանալ, փոխել սեփական վերաբերմունքը կյանքի և իրերի հանդեպ: Այդ ժամանակ գուցե կարիք չի լինի անհարմար մարդկանց պատճառով տառապել և մտածել, թե մենք հենց դրան էլ արժանի ենք:
















Share:

0 մեկնաբանություն