Նախկիններից ազատագրվելու մասին

Ամենահաճելի զգացողություններից մեկն այն է, երբ պատահաբար հանդիպում ես նախկինիդ և զգացմունքների տեղատարափի փոխարեն զգում ես… ոչինչ: Սա ես կոչում եմ ազատագրում ամիսների և տարիների ծանրությունից, երբ ինքդ քեզ վստահեցրել էիր, որ այդ նա էր քո ճակատագիրը:
Բայց ահա դու տեսնում ես նրան փողոցում կամ սուպերմարկետում, սկզբից մի-փոքր խառնվում ես իրար, հետո զգում, որ ներսումդ առանձնապես ոչինչ չկատարվեց: Այդ ժամանակ հասկանում ես, որ վերջապես ազատ ես, և նախկինների ցուցակում մի – կարող ես + դարձնել: Եվ ահա դուք արդեն բարևում եք միմյանց, նա մի-փոքր շփոթված հարցնում է, թե ինչպես ես, իսկ դու ժպիտը դեմքիդ (նկատեք` անկեղծ ժպիտը) պատասխանում ես և անգամ հարցնում, թե ինքն ինչպես է: Այ սա ես կոչում եմ հասունացում: 

Այսպիսի մի դեպք տեղի ունեցավ ինձ հետ մի քանի ամիս առաջ: Սովորական շոփինգը 24 վայրկյանով ընդմիջվեց N2-իս հետ պատահական հանդիպումով, քաղաքավարի զրույցով և նույնքան քաղաքավարի հրաժեշտով: 24 ամսվա տառապանքը մի ակնթարթում վերածվեց 24 վայրկյանանոց քաղաքավարության: Եվ ահա ես արդեն ընտրում եմ վնասված մազերի համար լավագույն շամպունը` հույս ունենալով, որ այս մի միջոցն իսկապես կփրկի չորս անգամ գունաթափված և մահկանացուն կնքած մազերս, իսկ նա դրամարկղի մոտ վճարում է կատարում` հուսալով, որ իրեն պահեց իսկական ջենթլմենի պես: Այսպես են նախկին սերերը վերածվում սովորական նախկինների, ում մասին հիշատակումն այլևս ցավ կամ զայրույթ չի պատճառում: Հատկապես որ բաժանման նախաձեռնողը ինքդ էիր:

Բայց լիակատար ազատագրումը դեռ չի նշանակում, որ երբևիցե դադարում ես հետևել նրանց ֆեյսբուքյան էջերին: Անգամ եթե քո կյանքում ամեն ինչ լավ է, ժամանակ առ ժամանակ քեզ թույլ ես տալիս հիշել նախկիններիդ և զուտ հետաքրքրության համար մտնում նրանց էջը: Չէ՞ որ այնքան հետաքրքիր է տեսնել, թե ինչ նորություն կա նրանց կյանքում, ինչպես են մեծացել կամ չմեծացել: Երբեմն նաև թաքուն ցանկանում ենք որևէ հիշատակում գտնել մեր մասին, անգամ եթե դա մեզ ոչինչ չտա: Այդպիսին ենք մենք, կանայքս. երբեք ոչ մի նախկինի մինչև վերջ բաց չենք թողնում, անգամ երբ նրանք արդեն 3-րդ թոռանն են կնքում: 



Երեկ երեկոյան, երբ կարամելի բույրով տաթ թեյի հետ վայելում էի աշնանային ձանձրույթի հերթական չափաբաժինը, հերթով մտնում էի նախկիններիս էջերը (ում չէի բլոքել), և տեսա, որ վերոնշյալ N2-ս ամուսնացել է: Դե դա ինձ համար անակնկալ չէր, քանի որ ամառային ձանձրույթներից մեկի ժամանակ տեսել էի, որ նա նշանվել է: 

Մտովի պատկերացրեցի, թե ինչպիսին կլիներ մեր հարսանիքը, եթե չբաժանվեինք: Եվ չպատկերացրեցի: Ես անկեղծ ինձ չպատկերացրեցի նրա` արդեն իսկ կնոջ դերում: Ոչ թե որովհետև ես նրանից լավը կամ վատն եմ, այլ որովհետև հնարավոր բան չէ, որ ես և N2-ը երբևէ ամուսնանայինք: Եվ բոլորովին կապ չունի, որ ժամանակին, երբ երկուսս տարված էինք ռոմանտիկ զեղումներով և ստեղծագործում էինք, շատ պատկերավոր տեսնում էինք մեր ապագան` մեր սիրո այգում, բլա բլա բլա: 

Այո, նրա հետ լավ էր: Չէ՞ որ երկուսս էլ երիտասարդ էինք, ռոմանտիկ, սիրահարված: Իսկ երբ նայում էիր մեր նկարներին, երևում էր, թե որքան ներդաշնակ զույգ էինք: Գուցե այդպես էլ կար իրականում: Գուցե եթե չափից դուրս պոռթկուն չլինեինք, այս աշնանն իմ ու նրա հարսանիքը լիներ, բայց չստացվեց, չուզեցինք, չփորձեցինք: 

Ինչևէ, ինչպես վերևում նշեցի` ես նրա հանդեպ վաղուց էի սառել, ինչպես ինքը` իմ: Գուցե դեռ այն ժամանակ, երբ նրան լքեցի և մեկ ամիս անց ամուսնացա այլ երիտասարդի հետ: Բայց դա այլ պատմություն է: 

Հիանալի զգացողություն է, երբ նախկինն իսկապես նախկին է դառնում, անգամ երբ ամուսնանում է: Եվ հատկապես երբ մեղրամսի գնում ոչ այնտեղ, որտեղ դու կուզեիր անցկացնել սեփական մեղրամիսը: Հիանալի է, երբ նախկինը երկարատև տառապանքի աղբյուրից վերածվում է անցյալի մուսայի: Ստեղծագործող մարդու համար դա այնքան կարևոր է, երբ հասկանում ես, որ կարող ես փակել այդ գլուխն ու շարունակել գրել, նոր գլուխներ ու բաժիններ բացել: 

Մինչ N2-ն իր մեղրամիսն էր վայելում ոչ այնտեղ, որտեղ ինքս կուզեի անցկացնել սեփական մեղրամիսս, ես ճամպրուկս էի հավաքում, որպեսզի մեկ շաբաթով մեկնեմ գործնական ուղևորության հարևան երկիր: Եվ զարմանքով նկատում էի, թե որքան բարդ է կին լինելը: Դա հատկապես երևում է, երբ դասավորում ես ճամպրուկդ և պարզում, որ մեկ շաբաթով այլ երկրում գոյատևելու և քարանձավաբնակի տպավորություն չթողնելու համար մեկի փոխարեն քեզ երեք ճամպրուկ է հարկավոր:

Ամեն մեկիս ճամպրուկում էլ կան բաներ, որոնք տարիներ շարունակ փորձել ենք ջանասիրաբար թաքցնել, բայց ինչպես ամեն թաքուն բան, մեր գաղտնիքներն էլ մի օր ջրի երես են ելնում և շատ հաճախ` մեր թեթև ձեռքով: 



Այսօր դուք իմացաք, որ ես էլ եմ մտնում նախկիններիս ֆեյսբուքյան էջերը: Անգամ իսկապես նախկիններիս :)

Share:

0 մեկնաբանություն