2 3 Mari Love : Ամուսնացած տղամարդկանց մասին
Մտքեր

Ամուսնացած տղամարդկանց մասին

By Sunday, December 06, 2015


Վստահ եմ` չկա այնպիսի կին, ով երբևէ առնչված չլինի ամուսնացած տղամարդու հետ: Ոմանց մոտ դա ստացվում է պատահաբար, ոմանք էլ մտադրված են գնում այդ քայլին: Ինչ էլ լինի, մի բան պարզ է` ամուսնացած տղամարդկանց 99%-ը դավաճանել, դավաճանում կամ մտածում է դավաճանության մասին: Ինչպես մի անգամ խոստովանեց նրանցից մեկը. «Կինը միրգ է. չես կարող ամբողջ կյանքում խնձոր ուտել»:

Ինչո՞ւ չեն տղամարդիկ կարողանում բավարարվել մեկ կնոջով, ինչո՞ւ են նրանք միշտ արկածներ փնտրում դրսում, լինի օնլայն, փողոցում, թե աշխատավայրում: Պատճառները բազմաթիվ են, բայց հիմքում բազմասիրության տեսությունն է, ըստ որի` որպես կանոն կանայք միասեր են, իսկ տղամարդիկ` ոչ: Իհարկե պատահում են հակառակ դեպքեր, բայց դրանք շատ հազվադեպ են: Կյանքում այնպես է ստացվում, որ եթե անգամ տղամարդու կողքին լինի ամենագեղեցիկ, ամենախելացի, ամենահավատարիմ, ամենասեքսուալ կինը, նա, միևնույն է, դեմ չի լինի ժամանակ առ ժամանակ լիցքաթափվել դրսում: 

Կանայք սիրում են հաճախ կրկնել արդեն իսկ ծեծված մի արտահայտություն. «Եթե տղամարդը դավաճանում է, ապա կինը պիտի ինքն իր մեջ փնտրի սխալը»: Այսպիսով նրանք կարծես ցանկանում են իրենք իրենց հուսադրել, որ իրենց ամուսինը երբեք չի դավաճանի, որովհետև նրանք կլինեն ինչպես ցանկանում են տղամարդիկ` տնտեսուհի` խոհանոցում, թագուհի հյուրասենյակում, պոռնկուհի` անկողնում: Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, աշխարհում մարմնավաճառների եկամուտները մի քանի անգամ կկրճատվեին: 

Նորմալ ամուսնական կյանքում միշտ էր լինում են սկանդալներ, վեճեր, լեզվակռիվներ: Եվ եթե կինը նախընտրում է կիսվել մայրիկի, ընկերուհիների, հարևանուհիների հետ, ապա տղամարդը հաճախ մխիթարանք է փնտրում այլ կնոջ գրկում: Այսպիսին է տղամարդու բնույթը, որը ճանաչելուց հետո միայն կարելի է որոշել` ցանկանո՞ւմ ես արդյոք, իմանալով, թե ինչ է քեզ սպասվում, կյանքդ կապել հակառակ սեռի հետ, թե ոչ: 

Ինչպիսի՞ն են լինում այն ամուսնացած տղամարդիկ, ովքեր այդքան էլ չեն փայլում հավատարմությամբ.

- Համարձակներ: Նրանք չեն թաքցնում, որ ամուսնացած են: Սոցիալական ցանցերում հստակ նշվում են «married to…» պիտակով, կիսվում են ընտանեկան լուսանկարներով: Բայց նրանք չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները: Նրանք տարատեսակ խաղեր չեն խաղում, պարզ և հստակ հայտնում են իրենց ցանկությունների մասին: Կարող են անգամ առաջարկել, թե ինչ պայմաններով են ցանկանում հարաբերություններ հաստատել քեզ հետ, իսկ դու որոշիր` ուզո՞ւմ ես, թե ոչ: Չե՞ս ուզում, խնդիր չկա: Նրանք առանց աչքը թարթելու անցնում են հաջորդին: Նրանց համար դավաճանություն որպես այդպիսին գոյություն չունի. դա կենսակերպ է, ընդունված բան, որից նրանք չեն ցանկանում հրաժարվել: Հավանաբար ընտանիքի նման մոդելը նրանց մեջ սերմանվել է սեփական հայրերի կողմից, ովքեր նույնպես ունեցել են կամ ունեն սիրուհի:

- Խաբեբաներ: Նրանք թեև չեն թաքցնում ամուսնական կարգավիճակը, բայց առաջին իսկ օրվանից համոզում են, որ շատ մոտ ապագայում ամուսնալուծվելու են: Նրանք կպատմեն, որ կնոջ հետ սիրով չեն զբաղվում արդեն մի քանի ամիս կամ տարի, որ անգամ տարբեր սենյակներում են քնում, և ինքը մի քանի հարց լուծելուց անմիջապես հետո կամուսնալուծվի: Այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև աղջիկը հասկանա, որ նա երբեք էլ չի ամուսնալուծվելու: Պատմությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց միայն 0,001%-ն է ամուսնալուծվում հանուն այլ կնոջ: Եվ որ այդպիսի դեպքեր, եթե անգամ պատահում են, ապա հաստատ մեզ ոչ հետ:

- Սրիկաներ: Սա տղամարդու վտանգավոր տեսակն է: Նա կխաբի, որ ամուսնացած չէ, կուրանա սեփական կնոջն ու երեխաներին` առանց վարանելու ստելով, թե կին ու երեխաներ չունի: Նա կձևանա, թե ունի մաքուր և լուրջ նպատակներ, ցանկանում է ամուր ընտանիք կազմել: Նրան նայելիս կզարմանաս, թե ինչպես է ստացվել, որ նրա նման տղամարդը դեռևս ամուսնացած չէ: Առավել համոզիչ թվալու համար նա կարող է ստել, թե ամուսնալուծված է, կինը, ով վերջին պոռնիկն էր, խլել է ողջ ունեցվածքն ու գնացել երկրից, իսկ երեխաներից լուր չունի, քանի որ կինն արգելում է շփվել նրանց հետ: Հեքիաթների շարան, անիրականանալի խոստումներ: Արդյունքում` վատնված ժամանակ, էներգիա, նյարդեր:

- Վախկոտներ: Նրանք շփվում են քեզ հետ ընկերական, կիսվում են իրենց խնդիրներով, պատմում, թե որքան դժբախտ ու միայնակ են, որքան ունեն որևէ մեկի կարիքը, ով պարզապես կլսի իրենց և կհասկանա: Նրանք երբեք բացահայտ չեն ասի, թե ինչ են ցանկանում, որովհետև չգիտեն, թե ինչ ռեակցիա կտա աղջիկը (գուցե նա զայրանա և ամենը պատմի կնոջը): Ուստի նրանք ընդունում են զոհի կերպարանք, պատմում, որ ամուսնացել են առանց սիրելու, բայց չեն կարող լքել կնոջը, քանի որ հարգում են նրան և պարտավորություններ ունեն, բայց չեն էլ կարող այլևս այդպես ապրել: Եվ եթե աղջիկը մի-փոքր միամիտ և խղճով լինի, շատ հեշտ կընկնի նրանց ծուղակն ու կվերածվի հոգեբան-սիրուհու: 



Այսպիսին են նրանք` տղամարդիկ, և ամենամեծ շփոթությունն է կարծել, որ երբևէ կկարողանանք փոխել նրանց: Ընդունել նրանց, թե ոչ` յուրաքանչյուր կնոջ ընտրությունն է, բայց պետք չէ մոռանալ, որ մենք` կանայքս նույնպես ունենք մեր բնույթը, որն անփոփոխ է ցանկացած պարագայում և ցանկացած տղամարդու դեպքում:

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն